Մեզանից յուրաքանչյուրը Նոր տարին նշելու իր տարբերակն ունի: Ոմանք նախընտրում են դիմավորել այն տանը, մյուսները ստիպված` աշխատավայրում, մի մասն էլ պարզապես փակում է տան դուռն ու մեկնում արտերկիր:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
-Նոր տարին կդիմավորեմ Հայաստանում՝ տանը` ընտանիքիս հետ:
-Ինչպե՞ս է պատահել, որ այդ գիշեր ոչ մի միջոցառման չեք մասնակցելու: Հրավերքներից հրաժարվե՞լ եք:
-Ռեստորաններն էլ ունեն ֆինանսական խնդիրներ, եթե շատ երգիչների հրավիրեն, չեն արդարացնի իրենց ծախսերը: Իրենց էլ մեղադրելու չէ, նրանք սրտանց ուզում են հրավիրել քեզ, բայց քանի որ իրենց առաջարկելիք գումարն ինձ համար բավարար չէ, չեմ համաձայնում:
-Մոտավորապես հաշվե՞լ եք՝ ինչքան կծախսվի նոր տարվա սեղանի վրա:
-Սեղան էլ կա, սեղան էլ: Չեմ ուզում գումարային ոչինչ ասել, մեկի համար դա քիչ է, մյուսի համար` շատ:
-Ի՞նչ տարիքի են Ձեր երեխաներն ու ի՞նչ են խնդրել Ձմեռ պապիկից:
-Մեծս 10 տարեկան է, միջնեկս՝ 6, իսկ փոքրս` 4: Ինձ թվում է՝ միայն ամենափոքրը` Մանեն է հավատում Ձմեռ պապիկին: Եղիշեն 10 տարեկան է, ինքը լավ գիտակցում է արդեն, նույնիսկ ասաց. «Պա՛պ, էն կոմպյուտերը, որ դռան դիմաց դրված էր անցած տարի, Ձմեռ պապին չէր բերել», բայց մենք, միեւնույն է, ասում ենք` մենք տեղյակ չենք: Դե Նարեն էլ 6 տարեկան է, եղբոր ջրերն է ընկել (ծիծաղում է-Ե. Ռ.): Աշխատում եմ էնպես անել, որ երեխաներս երկար հավատան այս հեքիաթին ու մանկություն տեսնեն: Դե այս ինֆորմացիայի դարում նրանք շատ բաներ գիտեն: Ի դեպ, նույնիսկ չհավատալով նամակները գրել են, ինձ էլ հարցնում են՝ Ձմեռ պապին ոնց է ստանալու մեր նամակները:
-Ի՞նչ կմաղթեք:
-Մեր ազգին նորից ու նորից ցանկանում եմ բարեկեցիկ կյանք, թող որ առաջիկայում սպասվելիք քաղաքական փոփոխություններն ու նորությունները հանգիստ անցնեն, առանց մեծ աղմուկների ու վնասների: Ում համակրում ենք այս կյանքում՝ թե՛ մեր կողքինին, թե՛ մեր ղեկավարությանը, թող Աստված իրենց սրտներին մեղմություն դնի, որ ժողովրդին նայեն էնպես, ինչպես իրենց ընտանիքի անդամին:
ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆ
-Երկրից դուրս եմ նշելու Նոր տարին, բայց չեմ ասի՝ որտեղ: Վերջին 2-3 տարին այստեղ եմ անցկացրել տոները ու մեծ մասամբ աշխատանքային միջավայրում:
-Երկար տարիներ ԱՄՆ-ում եք ապրել, երբ համեմատում եք, թե այնտեղ ու այստեղ ինչպես են նշում, տարբերությունները շա՞տ են:
-Միացյալ Նահանգներում էլ են հավեսով անցնում տոները, բայց նրանք ավելի շատ Սուրբ Ծնունդն են նշում: Չնայած եթե ճիշտն ասեմ, այստեղ ինձ շատ ավելի հոգեհարազատ ու հաճելի է անցկացնել տոները, միջավայրն այլ է:
-Ի՞նչ եք խնդրելու Ձմեռ պապիկից:
-Եթե ժամանակին ինչ-որ բաներ էի պահանջում, հիմա ուզում եմ, որ պատերազմներ ու աշխարհի վերջ չլինեն: Ուզում եմ խնդրել, որ հանգիստ ապրենք, գլոբալ ու անսպասելի բաներ չլինեն, որ ամեն ինչ իր հունով գնա:
-Եւ վերջում` Ձեր մաղթանքը:
-Շատ օրիգինալ չեմ կարող լինել մաղթանքի հարցում, բայց կմեջբերեմ ընկերոջս խոսքերը. «Ոչ մի բանով մարդկանց չես զարմացնի, միայն վերաբերմունքով»: Ճիշտ է ասում, եկե՛ք իրար նկատմամբ ավելի ուշադիր լինենք, զգում եմ, որ գնալով դա էլ է կորում, շատ չոր ենք, կոպիտ, մեկ-մեկ էլ խիղճներս կորցնում ենք:
ԱՐՄԵՆ ԽՈՒԲԼԱՐՅԱՆ
-Նոր տարին կնշեմ իմ աշխատավայրում` «Օջախ» ռեստորանային համալիրում: Վաղուց արդեն ես տանը Նոր տարի չեմ դիմավորում: Տոնական օրերին մենք ամենից շատն ենք զբաղված լինում:
-Պատահո՞ւմ է, որ մի գիշերվա ընթացքում մի քանի ռեստորանում երգեք:
-Այս տարի կան նախնական պայմանավորվածություններ, բայց դեռ հստակ բան որոշված չէ: Նոր տարին ամեն անգամ հետաքրքիր է անցնում: Օրինակ՝ անցած տարի մենք Դուբայում ենք նշել տոները:
-Երեխաներն այս տարի ի՞նչ նվերներ են խնդրել:
-Ես նրանց ասել եմ, որ իրենց ցանկացած բաները Ձմեռ պապին կբերի ու կդնի բարձի տակ: Ամեն կերպ իրագործելու ենք երեխաների ցանկությունը: Ինչ անում ենք, իրենց համար ենք անում:
-Ձեր շնորհավորանքը…
-Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին գալիք տոների առթիվ ու մաղթում խաղաղ, անամպ երկինք: Կուզենայի, որ Հայաստանը զարգացման, բարգավաճման մեծ փուլ անցներ, ու արտագաղթն էլ քչանար մեր հայրենիքից: