Քրեակատարողական հաստատություններում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 25.06.2015թ. թիվ 728-Ն որոշման հիման վրա քրեակատարողական ծառայությունում օրեր առաջ մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը: Վերջինի նախապատրաստումը սկսվել էր անցյալ տարի՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված համաձայնագրով:

Ծրագիրը կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ հնարավորություն տալով կիսով չափ կրճատելու դրանց կողմից սպառվող էներգիայի քանակը:

Մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել քրեակատարողական հիմնարկների պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով և այլ միջոցառումներ, որոնց արդյունքում ոչ միայն կնվազեն քրեակատարողական ծառայության էներգետիկ ծախսերը, այլև կապահովվեն դատապարտյալների համար կեցության, իսկ աշխատակիցների համար՝ աշխատանքային բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում նաև կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, կբարձրանա ջերմային և հիգիենիկ հարմարավետության մակարդակը՝ դրանով իսկ կրճատելով բազմաթիվ հիվանդությունների տարածման ռիսկը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել մեծածավալ ներդրումներ Հիմնադրամի կողմից կառավարվող պետական շրջանառու միջոցների հաշվին: Ներդրումների արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7000 կՎտժ (50%) էներգիայի խնայողություն, մոտ 300 մլն դրամ դրամական արտահայտությամբ:
Բացի տեղային պայմանների բարելավումից՝ ծրագիրը կնպաստի նաև բնապահպանական դրական արդյունքներին, գլոբալ առումով՝ տարեկան 1600 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման միջոցով նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը:




Լրահոս