ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջին շրջանում շատ է խոսվում գյուղացու խնդիրների մասին: Փոխանակ թեթեւացնելու այդ հոգսերը՝ խեղճ գյուղացուն թաղել են զանազան վարկերի տակ: Կարելի է մտածել, որ գյուղը հիմնավորապես քանդելու ծրագիր են իրականացնում: Խնդրում եմ անդրադառնալ վարկերի տոկոսադրույքներին: Արդյո՞ք հնարավոր է իջեցնել դրանց քանակը:    

Նելլի Առաքելյան (42 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ելնելով գյուղատնտեսության ոլորտի համար մատչելի վարկերի կարեւորությունից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նոր ծրագրի իրականացմանը, որն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը: 2011թ. մարտի 31-ի N 349-Ն որոշմամբ ընդունվեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգը, որի համաձայն՝ գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, մինչեւ 2 տարի մարման ժամկետով, 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, իսկ առավել կարիքավոր 225 համայնքների համար, որոնց ցանկը հաստատվել է նշյալ որոշմամբ,  սուբսիդավորումը հասցվել է 6 տոկոսային կետի:
Սահմանվել են նաեւ այլ արտոնություններ: Մասնավորապես՝ մայր գումարի եւ տոկոսադրույքների մարման համար սահմանվել է արտոնյալ ժամկետ վարկի տրամադրման պահից առնվազն 6 ամիս: 2011թ. ապրիլի 1-ից մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի, «Կոնվերս», «Արդշինինվեստբանկ»-ի եւ «Պրոկրեդիտ բանկ»-ի կողմից գյուղատնտեսությունում տնտեսվարողներին տրամադրվել է 25,3 մլրդ դրամի 34,6 հզ. միավոր վարկ: 1 վարկի միջին չափը կազմել է 729 հզ. դրամ: Վերջին 2 տարիներին գյուղատնտեսության ոլորտում գրանցված դրական տեղաշարժերը որոշակիորեն արդյունք են նաեւ նշված ծրագրի իրականացման՝ գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացման: Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը շարունակվելու է նաեւ 2013թ., որի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված են համապատասխան միջոցներ:

Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի
վարչության պետ Հրաչյա Ծպնեցյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք` վարկերի մատչելիության բարձրացման ծրագիրը պետք է սկսել այն գյուղացուն նախ մատչելի լեզվով բացատրելուց, հակառակ դեպքում անգամ պետբյուջեով նախատեսված միջոցներով դրանք դժվար թե հասանելի դառնան:




Լրահոս