Նախօրեին ՀՀ-ում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք նախ հանդիպեցին Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա մեկնեցին Վիեննա` առաջիկա օրերին Բաքու այցելելու ծրագրով: Մինչ այդ, սակայն, ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հրավիրած ասուլիսում փորձեց պարզաբանել «օկուպացված տարածքները վերադարձնելու» մասին ռուսական «Վեդոմոստի» գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ տարածքների վերադարձն ընդամենը համալիր կարգավորման մի տարրն է` կարեւորելով համապարփակ կարգավորումն ու այդ գործընթացում «Ստեփանակերտի իշխանությունների ձայնը»:
«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Համապարփակ կարգավորումը ներառում է նաեւ կարգավիճակի հարցը, եւ այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ այդ կարգավորման մի մաս»,-հայտարարեց համանախագահը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք համանախագահները ցանկություն ունեցել են հանդիպելու ԼՂՀ նախագահի հետ ու, ընդհանրապես, ինչպես են ԼՂՀ իշխանությունները վերաբերվում Ուորլիքի հայտարարություններին:
-Համանախագահների այցելությունները հաճախակի են լինում, այս տարածաշրջանային այցի բուն նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահների հանդիպման կազմակերպումն է: Այդ իսկ պատճառով, այսպես ասած, կարիք չկա, որպեսզի գան Արցախ, որովհետեւ հարցը վերաբերում է բուն Հայաստանին ու Ադրբեջանին:
-Եթե համանախագահներին հաջողվի կազմակերպել նման հանդիպում, ի՞նչ ակնկալիքներ կարող է ԼՂՀ-ն ունենալ, արդյո՞ք կարելի է սպասել որեւէ առաջընթացի:
-Սպասում ենք հանդիպումից, որ ինչ-որ ձեւով կնպաստի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանը: Սակայն ակնկալել ինչ-որ բեկում, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի դեստրուկտիվ, վերին աստիճանի ապակայունացնող քաղաքականությունը՝ իրատեսական չէ: Ամեն դեպքում, կարծում ենք, որ ցանկացած հանդիպում շատ կարեւոր է, որովհետեւ դրանք նպաստում են խաղաղության եւ կայունության պահպանմանը:
-Իսկ ինչպես եք գնահատում Ջ. Ուորլիքի կողմից պարբերաբար արվող հայտարարությունները` «օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» մասին:
-Ես կարծում եմ, որ Ուորլիքը, լինելով փորձառու դիվանագետ, մեջբերում է կողմերի մոտեցումները ու ինքը գնահատակ չի տալիս: Քանի որ Ադրբեջանը տարածքները կոչում է օկուպացված, նա այդպես է ասում, իսկ ինչ վերաբերում է հայկական տերմինաբանությանը, ապա նույնը օգտագործում է հայկականը, որպեսզի հավասարակշռվածությունը պահպանի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ