Բելգիայի Ներկայացուցիչների պալատն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22­-ի լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ իր պաշտոնական կայքում:

Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-­ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7­ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Բանաձևը, որի հեղինակն է «Ֆլամանդական նոր դաշինքը» (N­VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին: Ավելի ուշ՝ հուլիսի 16-­ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-­ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի)մակարդակով:




Լրահոս