Բրիտանացի երգչուհի Էմի Ջեյդ Ուայնհաուսը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին Սաութհեյթում (Էնֆիլդ, Լոնդոն) հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները Ռուսական կայսրությունից գաղթած հրեաների հետնորդներ են՝ տաքսիստ Միթչել Ուայնհաուսը և դեղագործ Ջենիս Ուայնհաուսը ամուսնացել են 1976 թվականին՝ դստեր ծնունդից 7 տարի առաջ։ Էմիի ավագ եղբայրը՝ Ալեքս Ուայնհաուսը, ծնվել է 1980 թվականին։
Ընտանիքը վաղուց արդեն տարված էր երաժշտական կյանքով, ամենից առաջ՝ ջազով. հայտնի է, որ հայրական գծով տատիկը 1940-ական թվականներին սերտ կապերի մեջ էր բրիտանացի ջազմեն Ռոնի Սքոթի հետ, իսկ մոր եղբայրները պրոֆեսիոնալ ջազ երաժիշտներ էին։ Էմին պաշտում էր տատիկին և նրա անունով դաջվածք ուներ ձեռքին:
14 տարեկան հասակում Էմին գրել է իր առաջին երգերը և առաջին անգամ էլ փորձել թմրադեղերը։ 1 տարի անց սկսել է միաժամանակ աշխատել World Entertainment News Network-ի հետ և ջազ խմբում։ Իր այդ ժամանակվա ընկերոջ՝ սոուլ երգիչ Թայլեր Ջեյմսի միջնորդությամբ նա կնքել է իր առաջին պայմանագիրը EMI-ի հետ, իսկ ստանալով չեկը՝ The Dap-Kings ստուդիա է հրավիրել նյույորքյան երգչուհի Շարոն Նայթին նվագակցող կազմը, որից հետո նրանց հետ միասին սկսել է շրջագայել։
2003 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվեց Էմիի առաջին ձայնասկավառակը, որը կրում է Frank անունը և ձայնագրվել է պրոդյուսեր Սալաամ Ռեմիի կողմից։ Երկրորդ ձայնասկավառակը՝ Back to Black-ը, ի տարբերություն առաջինի, իր մեջ որոշ ջազային մոտիվներ էր պարունակում. երգչուհու ներշնչանքը 1950-60-ական թվականների կանանց փոփ խմբերի երաժշտությունն էր։ 2007 թվականի մայիսի 18-ին Էմի Ուայնհաուսը Մայամիում ամուսնացավ Բլեյք Ֆիլդեր Սիվիլի հետ։ Օգոստոսին երգչուհին չեղյալ համարեց համերգները Բրիտանիայում և ԱՄՆ-ում առողջության վատթարացման պատճառով, իսկ շուտով ամուսնու հետ միասին մեկնեց վերականգնողական կլինիկա, որը լքեց հինգ օր անց։
Մամուլում սկսեցին սկանդալային լուսանկարներ հայտնվել, որոնցից պարզ երևում էր, որ Էմին ծանր թմրամիջոցներ էր օգտագործում։ Սեպտեմբերին լայն արձագանք ստացավ այն դրվագը, երբ Էմին և Բլեյքը փողոցում վիճել էին. Դա երգչուհու խոսքով, տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ամուսինը հայտնաբերել էր երգչուհուն թմրանյութեր օգտագործելիս։ Հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, իր անհանգստությունն էր ցուցաբերել՝ կապված դստեր առողջական վիճակի հետ, ենթադրելով, որ հեռու չէ նաև ողբերգական ավարտը։ Ամուսնու մայրը այն կարծիքն էր արտահայտել, որ ամուսնական զույգը պատրաստ է համատեղ ինքնասպանության։ Ուայնհաուսի ներկայացուցիչը, սակայն, ամեն ինչում մեղադրել է պապարացիներին, որոնք, հետևելով երգչուհուն, նրա կյանքը անտանելի էին դարձնում։ 2007 թվականի նոյեմբերին Էմիի բարեկամները (ամուսնու կողմից) հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ երկրպագուներին հորդորել են բոյկոտել Ուայնհաուսի արվեստը այնքան ժամանակ, մինչ ամուսնական զույգը չհրաժարվի «վատ սովորություններից»:
2008 թվականի հունիսին Էմի Ուայնհաուսը ընկավ հիվանդանոց, որտեղ նրա մոտ կանխորոշվեց թոքերի էմֆիզեմա: 27-ամյա բրիտանացի երգչուհին մահացել է հուլիսի 23-ին Լոնդոնի իր բնակարանում:Երգչուհու հուղարկավորությանը ներկա են եղել նրա մտերիմներն ու հարազատները: Ներկաների թվում է եղել Քելլի Օզբորնը, պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը, ինչպես նաեւ նրա նախկին սիրեցյալ Ռեգ Թրեվիսը։ Հրաժեշտի իր խոսքում երգչուհու հայրը`Միթչ Ուայնհաուսն ասել է.«Բարի գիշեր, իմ հրեշտակ, հանգիստ ննջիր։ Մայրիկն ու հայրիկը քեզ շատ են սիրում»: Այնուհետ ներկաները երգել են երգչուհու սիրելի՝ Քերոլ Քինգի՝ 40 տարի առաջ գրված So Far Away երգը։