Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 2-ին Ոստիկանության Գյումրիի բաժին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել էին,որ Գյումրի քաղաքի Անտառավան 5-րդ թաղամասի վագոն-տնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով տնակի մեջ հայտնաբերվել էր 75-ամյա Ֆաիդա Սարգսյանի այրված դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փոձաքննությունների բաժնից Ոստիկանության Գյումրիի բաժին հայտնել են, որ Ֆ. Սարգսյանի մարմնի վրա հայտնաբեվել է բռնության հետքեր, և մինչ վառվելու հետևանքով մահանալը, նրան պարանոցի շրջանում խեղդամահ են արել:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները երեկ՝ հունվարի 7-ին, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Անտառավան 5-րդ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արեգնազ Բաղդասարյանին, որը խոստովանել է, որ կնոջը խեղդամահ է արել և տնակը այրել է ինքը:
Քննիչի որոշմամբ, Ա. Բաղդասարյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Գյումրիի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: