Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում արտագնա տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Տավուշի մարզին վերաբերող առանձին հարցերի շուրջ մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ համատեղ քննարկումը շարունակել առողջապահության նախարարությունում։

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանն այսօր կայացած քննարկման ժամանակ ներկայացրեց մարզի առողջապահական կարևոր ցուցանիշները, բուժհաստատությունների նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությունը։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվեց նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագրի, Համաշխարհային բանկի հետ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային և այլ ծրագրերի կատարման ընթացքով։ Նախարարը հորդորեց ակտիվացնել բնակչության շրջանում իրազեկումը` նախանշված ընդգրկվածություն ապահովելու նպատակով։

Քննարկվեցին պետական պատվերով բժշկական ծառայություններ մատուցող 27 հիմնարկի (այդ թվում` 4 բժշկական կենտրոն, 1 պոլիկլինիկա, 18 ամբուլատորիա) կողմից իրականացվող ծառայությունների որակի, լիցենզիոն պայմանների ապահովման, ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման,  հերթագրման կարգի պահպանման և այլ հարցեր։

Արմեն Մուրադյանն առանձնակի կարևորեց ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը։«Առաջին  հերթին նոր արդիականացված հիվանդանոցները պետք է պարտադիր ունենան որակի բաժին` թեկուզ մեկ մասնագետով, և համաճարակաբան»,-ասաց նախարարը` շեշտելով, որ դա առաջիկայում կդառնա պետական պատվերի տեղադրման պարտադիր պայման` անկախ հիմնարկի սեփականության ձևից։ Նա բժշկական կազմակերպությունների տնօրեններին առաջարկեց նման հաստիքներ նախատեսել, իսկ մասնագետ չունենալու դեպքում հորդորեց ծառայությունը ձեռք բերել պայմանագրային հիմունքներով։

Արմեն Մուրադյանը խիստ կարևորեց նաև կենսաբանական թափոնների պահպանման և ոչնչացման կարգի պահպանման, գործիքների և վիրահատարանների պատշաճ ախտահարման և  այդ ուղղությամբ բուժանձնակազմի պատրաստվածության ապահովման հարցերը:

Անդրադարձ կատարվեց նաև մոր և մանկան առողջության պահպանման, պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի բաշխման, պատվաստումների ընդգրկվածության բարձր տոկոսի ապահովման, հիվանդին իր  կարգավիճակի, իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնելու համար հատուկ սենյակներ ունենալու, հեթագրման կարգը պահպանելու անհաժեշտության և այլ հարցերին։

Քննարկվեցին նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունները։




Լրահոս