
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության եւ ՌԴ իրավապահների միջեւ ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել: Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ չլինելու մասին:
Պետք է հստակեցվի, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ֆինանսական պարտքուպահանջներ չունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որեւէ այլ պարտավորություն չունի եւ ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: