«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարվա ավարտին առնվազն տասը տարով վերարտադրվելու վճռական հայտ է ներկայացնելու: Ըստ էության, իշխանությունը խախտեց նույնիսկ իր գրավոր խոստումը եւ սահմանադրական փոփոխությունների փոխարեն հրապարակեց լիովին նոր նախագիծ, որը ոչ այլ կերպ, քան նոր Սահմանադրություն հնարավոր չէ չանվանել: Ըստ այդմ, Հայաստանում աշնանը տեղի է ունենալու ամբողջովին նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, որը նշանակալիորեն տարբերվում է 2005թ. փոփոխություններից: Եթե առաջին դեպքում գործող համակարգի սահմանադրական մեխանիզմները փաստացիորեն լրամշակվում էին, այսինքն՝ լիովին տեղավորվում «սահմանադրական փոփոխություններ» եզրույթի ներքո, ապա այս պարագայում ընդունվում է նախադեպը չունեցող մի վիճարկելի ու ինքնանպատակ կառավարման համակարգ:
Հիշեցնենք, որ, ըստ էության, 2005թ. սահմանադրական փոփոխությունները արվում էին Ռոբերտ Քոչարյանին նախագահության ժամկետի ավարտից հետո ուժեղ վարչապետի պաշտոնում գործելու հնարավորություն ընձեռելու նպատակադրությամբ: Սակայն 2008թ. նախագահական ընտրություններում Քոչարյանը չափն անցավ, եւ «որքան վատ, այնքան լավ» իր բանաձեւը բումերանգի էֆեկտով հարվածեց հենց իրեն: Մարտի 1-ի սպանդը լիովին փակեց Քոչարյանի՝ այդքան սպասելի ու լիովին հավանական վերադարձը իշխանության ղեկին: Անշուշտ, Սերժ Սարգսյանն էլ քիչ ջանք չգործադրեց Քոչարյանի վերադարձը կանխելու ուղղությամբ, ինչը նախ եւ առաջ պայմանավորված էր ուժային կառույցների ամբողջական վերահսկողության հանգամանքով: Ուշագրավ է, որ Քոչարյանը սահմանադրական փոփոխություններ կատարեց իր իշխանավարության ավարտից 3 տարի առաջ, ինչպես այսօր փորձում է վարվել Սարգսյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: