Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը` երկու մտերմիկ համախոհների զրույց. «դրանում որևէ արտառոց բան չկար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում եւ քննարկում տարբեր հարցեր: Ըստ Հարությունյանի` Սարգսյանը քաղաքական շփումներում շատ ընդգրկուն օրակարգ ունի:

-Պարո՛ն Հարությունյան, «Ժողովուրդ»-ի թղթակիցը (Ս.Գ.) նկատել է, որ Դուք շատ արագ մուտք եք գործել ՀՀ նախագահի նստավայր: Ի՞նչ խնդիր կար, ինչո՞ւ էիք աճապարում Սերժ Սարգսյանի մոտ:

-Մենք պարբերաբար հանդիպումներ ունենում ենք ամենատարբեր հարցերի հետ կապված, ու այսօր այդ հերթական հանդիպումներից մեկն էր: Դրա անհրաժեշտությունը կար, բայց դրանում որեւէ արտառոց բան չկար: Մենք խոսել ենք նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին, ես ներկայացրել եմ նախագծի մասին իմ որոշ նկատառումները, ստացել եմ հանրապետության նախագահի կարծիքն ու մեկնաբանությունները: Մենք պարբերաբար ենք հանդիպում, այսինքն՝ դա այնպիսի խնդիր չի, որը քննարկվում է, մեր պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվում են բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր: Պատկերացրեք երկու մտերմիկ համախոհների զրույց, ոչ պաշտոնական զրույց:

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանը տարբեր հարցերի հետ կապված Ձեր տեսակետն այդքան կարեւորո՞ւմ է, գրեթե ամեն հարցում խորհո՞ւրդ է հարցնում:

-Ես նման ձեւակերպում չէի տա, որովհետեւ ես չեմ կարծում, որ միայն ինձ հետ է նման հանդիպումներ ունենում, նախագահ Սարգսյանը քաղաքական շփումներում բավականին ընդգրկուն օրակարգ ունի, ես համոզված չեմ, որ միայն ինձ հետ է հանդիպումներ ունենում: Նա մտքեր է փոխանակում, մենք ճշգրտում ենք մեր մոտեցումները, իսկ դա ինքնանպատակ չէ: Ես որքան տեղյակ եմ՝ նախագահը նման հանդիպումներ ոչ միայն ինձ հետ է ունենում, կրկնում եմ՝ նա բավականին ընդգրկուն քաղաքական շփումների օրակարգ ունի: Այդքան էլ պետք չէ այս հանդիպումը կարեւորել, որովհետեւ նման հանդիպումներ, նման քննարկումներ լինում են նախագահի հետ: Ես այդտեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Սա հերթական, նորմալ աշխատանքային հանդիպում էր, ես փորձեցի ներկայացնել նախագահին տպավորություններս վերջին շրջանում արտաքին քաղաքականության որոշակի նախաձեռնությունների վերաբերյալ:

Մասնավորապես խոսել եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Եվրոմիության հետ հարաբերությունների կարգավորման մասին: Ես նախագահին ասել եմ, որ Հայաստանի վարկը, հեղինակությունը երբեք այսքան բարձր չի եղել, ու սա պետք է վերագրել նախագահ Սարգսյանի քաղաքական կապիտալին: Մենք խոսել ենք այս ամենի մասին, քննարկել ենք, թե դա ինչի հետեւանք է ու ինչի կարող է հանգեցնել: Մեր քննարկման թեման սա է եղել, ոչ ավելին:

-Պարո՛ն Հարությունյան, մարտի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Կառավարությունում տեղի էր ունեցել «Վարչապետների ակումբի» անդրանիկ նիստը, որին մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը եւ Դուք: Վարչապետների առաջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ ընդհանուր քննարկումներ են եղել, իսկ նման հանդիպումները հաճախակի են լինելու: Արդյո՞ք եղել են նոր հանդիպումներ, ի՞նչ փուլում են ակումբի աշխատանքները:

-Իհարկե, հանդիպում եղել է, բայց դա ինչ-որ ինստիտուտ չի, դա ինչ-որ պետական կառույց չի, որը պարտադրված օրակարգով է աշխատում: Դա ոչ ֆորմալ շփումների հարթակ է, որի կարիքը միշտ երեւի կարող է ունենալ գործող վարչապետը, որովհետեւ այդ շփումների ժամանակ՝ առանց փողկապի հանդիպումների ընթացքում, արտահայտվում են մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել ընթացիկ քաղաքական, տնտեսական գործունության համար: Հետեւաբար ակումբի աշխատանքը պահանջարկված պետք է լինի նախ եւ առաջ գործող վարչապետի համար: Մենք հիմա ունեցել ենք մեկ հանդիպում, ասեմ, որ հաջողված ու բավականին հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին:

-Ի՞նչ են քննարկում ներկա եւ նախկին վարչապետները հանդիպելիս, Ձեր վերջին հանդիպման ժամանակ ո՞րն էր Ձեր քննարկման հիմնական թեման:

-Մեկ թեմա չի եղել, ներկաները տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնել, տարբեր խնդիրների մասին են խոսել: Բայց մենք ունենք պայմանավորվածություն այն մասին, որ վարչապետների ակումբի թեմատիկայի վերաբերյալ կարող է բարձրաձայնել միայն գործող վարչապետը: Մեզանից ոչ մեկը վարչապետների ակումբում քննարկվող հարցերի վերաբերյալ մամուլի հետ չի կիսվելու, իսկ գործող վարչապետը, եթե գտնում է նպատակահարմար, ապա դրա մասին խոսում է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս