
Անցած հինգշաբթի տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ավիացիայի ոլորտը վերահսկող գերատեսչություններին հանձնարարել էր ուսումնասիրել եւ պարզել, թե ինչով է պայմանավորված Հայաստանի ավիատոմսերի շուկայում տիրող խայտառակ իրավիճակը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, թե իրենց նախարարությունը վարչապետի հանձնարարականն իրագործելու ուղղությամբ ինչ է արել: Էկոնոմիկայի նախարարությունից այս առնչությամբ մեզ պատասխանեցին. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, ակտիվ աշխատանքներ է սկսել ՀՀ վարչապետի կողմից բարձրացված հարցերի շուրջ:
Ավիաընկերությունների հետ սկսվել են համապատասխան քննարկումներ` վերջիններիս դիրքորոշումը պարզելու նպատակով: Կատարվում է ավիաընկերությունների կողմից առաջարկվող սակագների գնագոյացման ուսումնասիրություն` հայկական շուկայի առանձնահատկությունների եւ տնտեսական մի շարք գործոնների համատեքստում»: Տեսնենք, թե ինչ արդյունք կտան դատարկ ուսումնասիրությունները: