ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ «Հրապարակ» օրաթերթի դատական վեճը նոր երանգներ է ստանում: Նախօրեին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել է դատարանում պաշտպանել լրատվամիջոցին: Օրաթերթի լրագրող Սյուզաննա Սիմոնյանն ասել է, որ փաստաբանն այդ քայլին գնացել է ճնշումների պատճառով:
«Ժողովուրդ»-ը փաստաբանի վարքագծի, ինչպես նաեւ նրա նկատմամբ գործադրվող ճնշումների մասին զրուցեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, ինչպես գիտեք՝ ՀՀ պաշտպանության նախարարի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, դատարան է դիմել` պահանջելով «Հրապարակ» օրաթերթից ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար: Սակայն, հայտնի դարձավ, որ օրաթերթի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել է պաշտպանությունից: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչու է փաստաբանը դիմել այս քայլին:
-Փաստաբաններն ազատ եւ անկախ մասնագետներ են: Նրանք անկախ են նաեւ փաստաբանների պալատից: Փաստաբաններն իրենք են որոշում, որ գործերը վերցնեն, ինչպես վարեն իրենց գործերը, որքան սահմանեն հոնորարների չափերը: Միակ պարտականությունը, որը դրված է փաստաբաններիս վրա, դա փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը չխախտելն է: Հետեւաբար չեմ փորձել ճշտել, թե ինչու է փաստաբան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել իր վստահորդից:
–Armlur.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզաննա Սիմոնյանը նշել էր, որ փաստաբանի` գործից հրաժարվելու հանգամանքը կապված է նրա վրա գործադրված ճնշումների հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում դա, ըստ Ձեզ՝ ճնշումները կարո՞ղ էին փաստաբանին ստիպել նման որոշում կայացնել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որպես փաստաբանների պալատի նախագահ, ին՞չ եք պատրաստվում անել, ի վերջո, դա փաստաբանի «պահվա՞ծք» էր:
-Փաստաբանների պալատը պարտավոր է պաշտպանել փաստաբաններին: Մեր փաստաբանական համայնքը այդ հարցում շատ միահամուռ է: Համայնքը պատրաստ է կանգնել պաշտպանության կարիք ունեցող փաստաբանի կողքին: Նույնիսկ գործերով մրցակից փաստաբանները գիտակցում են, որ վաղը կարող է իրենց հերթը լինի «ճնշման» ենթարկվելու: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը լուրջ երաշխիքներ է սահմանել փաստաբանի պաշտպանության համար, իսկ փաստաբանները գիտեն ինչպես օրենքից օգտվել: Փաստաբան Տիգրան Ավետիսյանի հետ անձամբ խոսել եմ: Տիգրան Ավետիսյանը հայտնել է, որ նրա նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրվել: Ի վերջո, իրավաբանական օգնություն տրամադրելու պայմանագրից հրաժարվելու հիմքերը նախատեսված են ինչպես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
-Վերջին շրջանում հաճախ ենք նկատում, որ փաստաբանները հրաժարվում են այս կամ այն գործից: Օրինակ՝ Թամարա Յայլոյանը եւս հրաժավել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պաշտպանությունը ստանձնել: Ըստ Ձեզ՝ եթե մի դեպքում վախեցնում են, կամ մյուս դեպքում հուզմունքը թույլ չի տալիս գործով զբաղվել, արդյո՞ք դա չի խոսում մասնագիտական ոչ բավարար պատրաստվածութան մասին, արդյո՞ք այսպիսի փաստաբանների գործունեությունը չի ստվերում Ձեր կառույցի հեղինակությունը:
-Եթե փաստաբանը հրաժարվում է իրավաբանական օգնություն տրամադրել իր վստահորդին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված իրավաբանական օգնություն տրամադրելուց հրաժարվելու հիմքերից դուրս, ապա դա հիմք է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Փաստաբան Թամարա Յայլոյանի մասով կարծիք չեմ կարող հայտնել, որովհետեւ կարգապահական գործը դեռ չի ավարտվել:
Չեմ կարծում, որ մասնավոր դրսեւորումները կարող են ազդել փաստաբանական համայնքի հեղինակության վրա: Յուրաքանչյուր դեպքի վերջնական գնահատականը տալիս է փաստաբանների պալատի խորհուրդը, որպես կարգապահական վարույթ իրականացնող մարմին:
Քնար Մանուկյան