Շփման գծում վիրավորված Գեւորգ Եղիազարյանը կմեկնի Գերմանիա` բուժման կուրս անցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորս տարի առաջ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի գնդակից վիրավորված Գեւորգ Եղիազարյանը շուտով կմեկնի Գերմանիա՝ բուժման կուրս անցնելու համար: Մայրը՝ Նաիրա Գալստյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն ստացել են վիզան եւ պատրաստվում են ընտանիքով օգոստոսի կեսերին Գեւորգին տանել Գերմանիա:

2011-ին հակառակորդի գնդակից վիրավորված ու մինչեւ այսօր անկողնուն գամված Գեւորգի բուժման երկրորդ կուրսի համար անհրաժեշտ էր 56 հազար դոլար: Այն բանից հետո, երբ լրատվամիջոցները անդրադարձան երիտասարդի անմխիթար վիճակին, 1.5 ամսվա ընթացքում քաղաքացիների հանգանակություններով հավաքվեց 37,000 դոլար: Մայիսին էլ Կառավարությունը փոխանցեց բուժման համար պակասող 23 հազար դոլարը:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում մայրը նշել էր, որ որդու բուժման համար անհրաժեշտ գումարի համար տարբեր դռներ էր թակել՝ պետականից մինչեւ մասնավոր, սակայն ապարդյուն: ՀՀ պաշտպանության նախարարությունը բուժման առաջին կուրսի համար արդեն վճարել էր 70.000 դոլար, որը, սակայն չէր բավարարել բուժումն ավարտին հասցնելու համար: ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ նախարարությունն այդքան գումար չունի, որպեսզի նորից օգնի զինվորին:

Գեւորգը տարիներ շարունակ տանից դուրս չի եկել: Մայրը հույս ունի, որ գերմանացի բժիշկների օգնությամբ որդին կազատվի կոկորդին ամրացված արհեստական ապարատից, որի օգնությամբ նա խոսում է ու սնվում: «Հույս ունեմ, որ գոնե սայլակի օգնությամբ կտեղաշարժվի տղաս: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ միայնակ չթողեցին: Լրատվամիջոցներին եմ հատուկ շնորհակալություն հայտնում, որոնց օգնությամբ երբեմնի փակ դռները բացվեցին, ու տղաս շուտով կստանա անհրաժեշտ բուժումը», – ասել է Գեւորգի մայրը:




Լրահոս