Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 24-ամյա Կաչաղ Մուրազի Մամոյանը: Վերջինս հուլիսի 14-ին վաղ առավոտյան Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհվել էր տուն, սակայն տեղ չէր հասել:
Եվ այսպես, Armlur.am-ի հետ զրույցում Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը հայտնեց, որ երեկ երեկոյան կողմ Կաչաղ Մամոյանը գտնվել է, նրա հետ ամեն ինչ կարգին է:
Գյուղապետի փոխանցմամբ, որևէ մեկը չգիտի` որտեղ է իրականում նա գտնվել իր եզդի համագյուղացին. «Մեկ ասում են Էրեբունիում է եղել, մեկ ասում են` Նոր Նորքում: Կաչաղի հետ էլ դեռ չեմ խոսել, չգիտեմ` որևէ բան կատարվածի մասին»:
Սուրեն Սրապոյանի փոխանցմամբ, գյուղում լուրեր են շրջանառվում, թե երիտասարդի` տնից հեռանալու պատճառը ընտանեկան վիճաբանությունն է եղել. «Հորաքրոջ հետ է ապրում: Հայրն ու մայրը երիտասարդ տարիքում տարիներ առաջ են մահացել: Հորաքույրն է նրանց մեծացրել: Երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են»:
Գյուղապետը հայտնեց նաև, որ Կաչաղ Մամոյանը առողջական որևէ խնդիր չունի, ծառայել է զինված ուժերում և եզդիների շեյխերից է (խմբ. հոգևորական, ով անց է կացնում հոգևոր հավաքներ):