Վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանությունների և ինքասպանության փորձերի թվի աճ է նկատվում: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տարեկան հաշվետվությունները: Ասվածը ներկայացնենք թվերով:
Եվ այսպես` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների համաձայն, 2009թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության 197 և ինքնասպանության փորձի 301 դեպք: Արձանագրված 197 դեպքից ինքնասպանության են դիմել 154 արական սեռի ներկայացուցիչ և 43` իգական սեռի:
Ինքնասպանության փորձերի դեպքերի տարիքային կառուցվածքում գերակշռել են 30-65 (49.8%) և 18-29 (28.3%) տարեկան անձինք, իսկ ինքնասպանության դեպքերի կազմում` 30-65 տարեկան (50.8%) և 18-29 տարեկանները (19.3%):
Ըստ սոցիալական կարգավիճակի և զբաղվածության` ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 48.2%-ն արձանագրվել է գործազուրկների և 19.9 %-ը` կենսաթոշակառուների խմբերում:
2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքերը 2009թ. համեմատ աճել են 18.9%-ով: Նույն տարում արձանագրվել է ինքնասպանության 225 և ինքնասպանության փորձի 367 դեպք:
Արձանագրված ինքնասպանության դեպքերի տարիքային կառուցվածքում գերակշռել են 30-65 (48.9%) և 65 և բարձր (28.0%) տարիքի անձինք, իսկ ինքնասպանության փորձերի դեպքերի կազմում, 30-65 տարեկան (49.9%) և 18-29 տարեկանները (39.0%):
Ըստ սոցիալական կարգավիճակի և զբաղվածության, ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 57.3%-ն արձանագրվել է գործազուրկների և 17.7 %-ը` թոշակառուների խմբերում: 2010-ին ևս ինքնասպանության դիմածների մեծ մասը` 174-ը արական սեռի ներկայացոիցչներ են եղել:
2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 647 դեպքեր, 2010թ. համեմատ դեպքերն աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010թ. համեմատությամբ նվազել են 13.3%-ով:
Ըստ տարիքային կառուցվածքի` ինքնասպանության դեպքերում գերակշռել են 30-65 (55.4%) և 65 և բարձր (23.1%) տարիքի անձինք: Ինքնասպանության փորձերի դեպքերը 2010թ. համեմատ աճել են 23.2 %-ով և կազմել 452, որոնց կազմում գերակշռել են` 30-65 տարեկան (47.3%) և 18-29 տարեկանները (35.8%):
Ըստ սոցիալական կարգավիճակի և զբաղվածության`ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են գործազուրկների և 16.5%-ը` թոշակառոների խմբերում: Ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 27.7%-ը կատարվել է սուր կտրող, ծակող կամ այլ գործիքով, 24.6%-ը` դեղամիջոցների կամ այլ նյութի օգտագործման, 21.8%-ը` կախվելու, 16.5%-ը բարձրությունից նետվելու և 9.4%-ը` այլ եղանակ- ներով: Ինքնասպանության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը` շուրջ 60 %-ը կատարվել է կախվելու, 20%-ը` բարձրությունից նետվելու եղանակով:
2012թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 740 դեպք, որոնք 2011թ. համեմատ դեպքերն աճել են 14.4%-ով: Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 214, որոնք 2011թ. համեմատությամբ աճել են 9.7%-ով, իսկ ինքնասպանության փորձի` 526:
Մեկ այլ վիճակագրություն ևս նշենք: Քրեական օրենսգրքում գոյություն ունի 110 հոդվածը` ինքնասպանության հասցնելը: Այդ հոդվածով` 2012 թվականին հարուցվել է 33 քրեական գործ, ընդհանուր 214 ինքնասպանության դեպքից:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած հաշվետվական տվյալների, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 768 դեպք, որը 2012թ. համեմատ աճել է 3.8%-ով:ն Այս տարի ևս ինքնասպանությունների թվի մեջ գերակիռ մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչները:
2013 թվականին արձանագրված 203 ինքնասպանության դեպքից 30-ով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 110 հոդվածի համաձայն:
2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 699 դեպք, որը 2013թ. համեմատ նվազել է 6.4%-ով:
Արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 168, որոնք 2013թ. համեմատությամբ նվազել են 18.4%-ով, ինքնասպանության փորձի դեպքերը` 531: Ընդ որում, 2014թ. արձանագրված ինքնասպանության դեպքերը նվազել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում: Ինքնասպանության փորձերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1.8%-ով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով, 2014-ին արձանագրված 168 ինքնասպանության դեպքից 41-ով հարուցվել է քրեական գործ:
Ազգային վիճակագրական ծառայությունն ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի հետ կապված վիճակագրական տվյալները դեռ չի հրապարակել, քանի որ այդ վիճակագրությունը հրապարակվում է կիսամյակային: Ըստ այդմ` մինչև հուլիս ամսվա ավարտին, ԱՎԾ-ն 6 ամսվա կտրվածքով տվյալները կհրապարակի: Բայց Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանության 54 դեպք է գրանցվել, ինչը 10 դեպքով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ոստիկանությունից մեզ ուղարկված վիճակագրության համաձայն` 2015 թվականի 5 ամիսների տվյալներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի համաձայն հարուցվել է 31 քրեական գործ:
Այսինքն` ինքնասպանության հասցնելու 31 դեպք արդեն իսկ արձանագրվել է: Ամփոփելով վերը շարադրված տվյալները, կարող ենք նշել, որ 2009 թվականից սկսած ինքնասպանությունները կամ ինքնասպանության փորձերը ոչ թե նվազում են, այլ ավելանում, ինչը ժողովրդագրական խնդիրներ ունեցող ՀՀ-ում լուրջ սպառնալիք է: Ավելորդ չենք համարում նշել, որ ինքնասպանությունների թվի աճը կամ դրա չնվազելը կապված է համապատասխան մարմինների ոչ պատշաճ աշխատանքից և դրա վերաբերյալ ունեցած անտարբեր վերաբերմունքից:
Քրիստինա Աղալարյան