Վճռաբեկ դատարանի նախագահը հյուրընկալել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտի` արտասահմանում դատախազության աշխատակիցների կատարելագործման, աջակցման և վերապատրաստման գրասենյակի մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը:

Ողջունելով դեսպան Միլսին և մյուս հյուրերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ բարձր է գնահատում ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Ողջունելով հայաստանյան գործընկերներին՝ Դեսպան Միլսը շեշտեց. «ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է աջակցել դատական համակարգի ջանքերին՝ուղղված իրավունքի գերակայության, թափանցիկության և հաշվետվողականության խթանմանը: Մենք վստահ ենք, որ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, այդ թվում և նախադեպերի ձևավորումը Վճռաբեկ դատարանի կողմից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ու դատավճիռների կիրառումը Հայաստանի դատարանների կողմից կմեծացնեն հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ և կխթանեն տեղական ու օտարերկրյա ներդրումները Հայաստանում»:

Հանդիպման ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի առանձնահատկությունները, դրական ու բացասական կողմերը, գրանցված նվաճումներն ու առկա մարտահրավերները, ինչից հետո երկու կողմերի միջև քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական համակարգերի համագործակցության զարգացման հետագա ուղիները:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում, եղան ՀՀ վճռաբեկ դատարանի «Կարմիր» և «Սպիտակ» դահլիճներում, «Մխիթար Գոշ» գրադարանում, ծանոթացան ՀՀ վճռաբեկ դատարանի պատմությանը:




Լրահոս