Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, առաքելությունն ավարտելու կապակցությամբ Մայր Աթոռ այցելած Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ ունեցած համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը` ներկայացնելով անցնող չորս տարիների ընթացքում Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում իր կողմից ծավալված գործունեությունը:
Դեսպանը մասնավոր անդրադարձ է կատարել համընդհանուր արժեքների պահպանության ու ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵՄ պատվիրակության գործադրած ջանքերին` նշելով, որ դրանց է ուղղված նաև Հայոց եկեղեցու առաքելությունը:
Այնուհետև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը Հայաստանին բերած ծառայության համար իր գնահատանքն է հայտնել Տրայան Հրիսթեային` գոհունակությամբ փաստելով ԵՄ կողմից երկրին ցուցաբերվող զորակցությունը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ընդգծել է հոգևորբարոյական արժեքների զորացման կարևորությունը, որոնցով հնարավոր պիտի լինի հաղթահարել հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարություններն ու կերտել բարօր կյանք:
Վերջում Վեհափառ Հայրապետը հետագա գործունեության մեջ հաջողություններ է մաղթել Տրայան Հրիսթեային: Հանդիպմանը խոսվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրի մասին: