Սարգսյանն ու Ալիևը համանախագահներին հայտնել են հանդիպելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս տարի ավելի ուշ հանդիպելու պատրաստակամությունը։

«Նախագահները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ նախագահական գագաթնաժողովի օրակարգի շուրջ»,- այսօր հայտարարել են տարածաշրջանային այցը ավարտած Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեմյս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա), հաղորդում է Azatutyun.am-ը։

«Երևան և Բաքու կատարած մեր այցերի ժամանակ մենք ողջունեցինք բարձր մակարդակով հանդիպումները և նախագահների հետ քննարկեցինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները առաջ մղելուն ուղղված առկա առաջարկները»,- նաև հայտարարում են համանախագահները։

Համանախագահները նաև ողջունել են «վերջին մի քանի ամիսներին համեմատաբար կայունության ժամանակաշրջանը Հայաստան-Ադրբեջան շփման գծում, որը համընկել էր երկու երկրներում տեղի ունեցող մեծամասշտաբ միջազգային միջոցառումների հետ»։

«Այդուհանդերձ, մենք անհանգստացած ենք լարվածության վերջին աճով, և կոչ ենք անում նախագահներին խուսափել բռնության մահացու էսկալացիայից և քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ», – ասում են համանախագահները։

Նրանք նաև հայտնում են, որ նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը անհայտ կորած անձանց տվյալների փոխանակման վերաբերյալ՝ Միջազգային Կարմիր խաչի հովանու ներքո։ Համանախագահները մեկնել են Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին զեկուցելու նպատակով։




Լրահոս