«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ տարուց ավել է` Երեւանի դատարանների նախագահները, դատական գործերը ստանալիս, այլեւս իրավունք չունեն ինքնուրույն մակագրել այս կամ այն դատավորին: Նրանց փոխարեն դատավորին ընտրում է համակարգիչը: Նոր համակարգը ներդրվել է գործերը «արդար» բաժանելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս նորամուծության «մեղավորը» Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն է:
Ըստ լուրերի՝ գործերը ստանալիս նա դրանք մակագրել է այն ժամանակ, երբ դատավորներից որեւէ մեկը «խնդրել» է գործն իրեն տալ, կամ էլ հայցվորն է «դիմել»: Նկատենք, սակայն, որ այս նորամուծությունից հետո շատ հաճախ այնպես է ստացվում, որ տնտեսական հայցերը քննում է այնպիսի դատավոր, որը թվերից, մեղմ ասած, «գլուխ չի հանում»: «Ժողովուրդ»-ը Ուզունյանից հետաքրքրվեց՝ ճիշտ է, որ իր սուբյեկտիվ գործելաոճի արդյունքում է նոր համակարգը ներդրվել, ինչին նա պատասխանեց. «Ձեր հարցի մեջ պրովոկացիա կա, եւ դրա համար չեմ պատասխանում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: