Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի պաշտոնական կայքը, Ներկայացուցիչների պալատի անդամներից 124-ը կողմ են քվեարկել բանաձևին, իսկ 8-ը ձեռնպահ են մնացել:
Հուլիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում բանաձևի քննարկման ժամանակ ժխտողական ելույթներ ու տեսակետներ չէին հնչել, բոլոր ելույթ ունեցողներն էլ ընդունել էին, որ 20-րդ դարասկզբին հայերի դեմ կատարվածը ցեղասպանություն էր: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ էր քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
Այն կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը նաև հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով» հաշտեցման կոչ է պարունակում: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ.
«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։
Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը: