Օրենսդրական փոփոխություններ` ԿԲ-ում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է նախատեսում «Արժեթղթերի շուկայի մասին» և կից օրենսդրական փաթեթում` Կենտրոնական բանկում կառավարման արդյունավետության բարձրացմանը և միջազգային լավագույն փորձին համապատասխանելու նպատակով:

Օրենսդրական փաթեթը  նախատեսում է փոփոխություններ  Կենտրոնական բանկի,  «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում:

Նախագիծը ներառված է Ազգային ժողովի կայքի` «Դեռս օրակարգում չներառված նախագծեր» բաժնում և ներկայացվել է կառավարության կողմից:

Օրենսդրական նոր փոփոխութությունների ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության գործառնություն-3» (ԶՔԳ-3) ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Safeguard Assessment շրջանակներում ներկայացված առաջարկություններով, որոնք առնչվում են Կենտրոնական բանկում կառավարման արդյունավետության բարձրացմանը և  միջազգային լավագույն փորձին համապատասխանելուն:

Նշվում է, որ գլոբալիզացման պայմաններում ֆինանսական շուկաների զարգացումները նոր մարտահրավերներ են առաջացնում ֆինանսական կազմակերպությունները կարգավորող մարմինների համար և այդպիսի մարտահրավերներից մեկն էլ  ֆինանսական խմբերի ձևավորման հետևանքով ներխմբային ռիսկերի առաջացումն է, որոնց զսպման նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոխկապակցված ֆինանսական կազմակերպություններին (այդ թվում՝ վերջիններիս մայր կազմակերպություններին) կարգավորել` որպես մեկ միասնական սուբյեկտ:

Նշվում է, որ Կենտրոնական բանկում գործող ներկա կառավարման կառուցվածքը, այն է՝ 7 անդամից բաղկացած խորհուրդ, որտեղ 2 անդամներն են միայն գործադիր (նախագահ և տեղակալ) չի կարող լիարժեք ապահովել արդյունավետ կառավարում՝ կորպորատիվ կառավարման սկզբունքների ներքո։ Որպես հիմնական ռիսկեր առանձնացվում են հետևյալ խնդիրները.

1) ԿԲ նախագահի և տեղակալի կողմից (2 անձ) չի կարող կազմվել որևէ կառավարման մարմին՝ այսպես կոչված «Management Board», որը կոլեգիալ որոշումներ կկայացնի։ Արդյունքում ԿԲ Նախագահը հնարավորություն չունի արդյունավետ պատվիրակել որոշակի գործառույթներ գործադիր այլ օղակի։

2) Աշխատանքների անընդհատության տեսանկյունից մեկ տեղակալի առկայությունը վտանգում է կազմակերպության բնականոն գործունեության անընդհատությունը:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել ԿԲ նախագահ և երկու տեղակալ կառուցվածք, որի պարագայում հնարավոր կդառնա գործադիրի ներսում ձևավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում և ընթացիկ որոշումների կայացում` Կենտրոնական բանկի խորհրդին թողնելով ի սկզբանե իրեն վերապահված ռազմավարական շրջանակը։

Ընդհանուր առմամբ ունենալով 3 անձից բաղկացած «վերին ղեկավարություն» (Նախագահ և երկու տեղակալ)` հնարավորություն կստեղծվի նաև տարանջատել ԿԲ կառավարումը, ըստ ռազմավարական ուղղությունների՝ ֆինանսական կայունություն և դրամավարկային քաղաքականություն, յուրաքանչյուր ուղղության համար սահմանելով նախագահի տեղակալի ուղղակի ներգրավվածություն և պատասխանատվություն։

Վերոհիշյալ կառուցվածքը բնորոշ է զարգացած երկրների և մեր տարածաշրջանի գրեթե բոլոր կենտրոնական բանկերին, և արտացոլում է միջազգային լավագույն փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում։




Լրահոս