Կդիմենք քաղաքացիական անհնազանդության, ՃՈ-ի հետ բանակցությունները տապալված են. «Դուրս մեր գրպանից» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները քննարկում էին կազմակերպել, որի ժամանակ անդրադարձ կատարեցին իրենց և Ճանապարհային ոստիկանության միջև տեղի ունեցած հանդիպմանը, իրենց հետագա պահանջներին և քայլերին: Նախաձեռնության անդամները միաձայն նշեցին, որ ՃՈ-ի հետ հանդիպումը եղել է անարդյունավետ: Նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանն ասաց, որ ՃՈ-ի հետ բանակցությունների փուլը ձախողված և ավարտված կարելի է համարել:

«Համակարգը չի ցանկանում ուղղվել, մարդկային կյանքը նրանց համար ոչինչ է, նպատակը գումար վաստակելն է»,-ասաց նա: Արման Սուլեյմանյանն էլ արձանագրեց, որ վթարների հետևանքով տարեկան 300 երեխա է մահանում, քանի որ այսօր Ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե անվտանգ երթևեկություն ապահովելն է, այլ գերշահույթ ստանալը:

«Այս շարժման գերնպատակն է մարդկային կյանքն արժևորելը, քանի որ տարեկան 300 երեխայի մահը խոսում է այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ վաճառել է վարորդական իրավունքի վկայականները, իսկ հայտնի դերասանուհի Անի Երանյանի վթարը դրա վառ ապացույցն էր: Տարիներ շարունակ Ճանապարհային ոստիկանությունը վարորդական վկայականներ է վաճառել»,- մանրամասնեց Ա. Սուլեյմանյանը:

Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը շեշտեց, որ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները չեն ծառայում իրենց բուն նպատակին, դրանց առկայության դեպքում ևս որևէ իրավախախտում կամ հանցագործություն չի բացահայտվում: «Եթե չեն ծառայելու իրենց նպատակին, ապա մենք պահանջում ենք, որ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները հանվեն»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամները ամփոփելով նշեցին, որ իրենց պահանջները մնում են նույնը, պայքարն էլ շարունակելու են քաղաքացիական անհնազանդությունների միջոցով: Առաջիկայում կներկայացնեն իրենց հստակ քայլերի հաջորդականությունը:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս