
Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից: Ըստ “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունների՝ մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ:
Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը: Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի՝ նախկինում տրված վարկերը, և ներկայումս՝ գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն, վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար: ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն, նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները սրա վրա աչք են փակում, հակառակ դեպքում՝ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել: Բայց սա կարճատև լուծում է, և մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի:
Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար, սակայն այդ հույսերը կարծես, չեն արդարանում: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ-ում գործող թվով 4 բանկերի մոտ արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել: