Կայացած չեն, ունեն թույլ կամային հատկանիշներ. որոնք են ինքնասպանության պատճառները` ըստ հոգեբանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանությունների և ինքասպանության փորձերի թվի աճ է նկատվում: Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տարեկան հաշվետվությունները: 

Ինքնասպանության և ինքնասպանության հոգեբանական պատճառների վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց հոգեբան Աննա Բադալյանի հետ:

– Տիկին Բադալյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2009 թվականից սկսած Հայաստանում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերը ավելացել են: Դուք որպես հոգեբան ինչի՞ հետ եք դա կապում:

-Այդ վիճակագրության հետ ես այնքան էլ համամիտ չեմ: Բոլոր ժամանակներում էլ սուցիդի փորձեր եղել է: Միշտ էլ լինում է: Ուղղակի այսօր դրա մասին ավելի են բարձրաձայնում: Իսկ ինչու՞ են դիմում այդ քայլին՝ դա անձի տեսակից է, ավելի ստույգ ներանձնային խնդիր է: Կայացած չեն, ունեն թույլ կամային հատկանիշներ, կամքը դաստիարակված չէ, ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել ներանձնային կոնֆլիկտները, արդյունքում ստեղծվում է փակուղի, որը բերում է ատելություն սեփական անձի անկարողության հանդեպ: Հիմնվելով որոշ վիճակագրական տվյալների վրա` կարելի է ասել, որ սուիցիդի փորձ կատարած անձիք ճակատագրի կամոք եթե կենդանի են մնում, ապա հաճախ զղջում են իրենց արարքի համար: Այդ պահին ուղղակի զգացմունքային բացասական վերելք է: Եթե կատարենք որոշակի բաժանում, թե որ տարիքային շրջանն է հակված ինքնասպանության փորձի, ապա դրանք անչափահասության տարիքն է և 40-45 տարեկան տարիքային խումբը: Անչափահասության դեպքում դա բացատրվում է նրանով, որ նրանց մոտ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հոգեբանական աճի խաչմերուկ է: Իսկ մյուս խմբի դեպքում տարիքային ճգնաժամ է, կամ անձի վերագնահատման շրջան: Թյուր կարծիք է, որ ուժեղ մարդիկ են ինքնասպանություն գործում, իրականում ոչ, պատճառը թույլ կամքն է, պայքարելու ունակության պակասը և ներանձնային կոնֆլիկտը:

p1030251

-Ըստ վիճակագրության` ինքնասպանության դիմած անձանց մեջ գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մեր էթնիկ հոգեբանության մեջ տղամարդն առնականության, ուժի խորհրդանիշն է: Անցումային շրջաններում տղամարդու կերպարն անկում է ապրում, որոշակի առումով պարտությունները, չհասցնելը, ինչ-որ բան կորցնելը, դրանք են պատճառը հիմնականում: Այսօր տարիքի հետ կապված աշխատանք գտնելու խնդիրներ կան: Այս ամենը չի բավարարում և արդյունքում ստացվում է, որ տղամարդկային կերպարն անկում է ապրում և աղճատվում է իրական տեսակը, անհատը ձեռք է բերում թուլակամ հատկանիշներ, որը դառնում է վարքի դրսևորման ձև:

– Այսինքն՝ ինքնասպանությունների դեպքերի ավելացումը կապո՞ւմ եք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ, որում Հայաստանն այսօր հայտնվել է:

– Իրավիճակ կա, որ իսկապես անելանելի է, դա մի կողմ: Իրականությունը պարունակում է շատ բարդություններ, որոնք դժվարությամբ են հաղթահարվում, ստացվում է, որ սուիցիդի փորձը դա հոգեվիճակ է: Ասածս փաստեմ նրանով, որ անհատներ կան, որ միջակ հնարավորությունների դեպքում էլ նույնիսկ ամենածանր իրավիճակներում որոշակի լավատեսության լույս են տեսնում և դրա հետևից գնում են: Կամ բավականին ապահով ընտանիքի անդամը, ով սոցիալական հոգս ու ապահովվածության խնդիր չունի ելքը գտնում է ինքնասպանության մեջ:

-Մեկ անգամ ինքնասպանության փորձ անելուց հետո երկրորդ անգամ չեն դիմում այդ քայլին: Արդյո՞ք դա այդպես է:

-Այստեղ վստահ ասել, որ չեն դիմում, այդքան էլ ճիշտ չէ: Բոլոր պարագաներում էլ եզակի դեպքեր լինում են: Եզակի դեպքեր էլ արդեն անելանելի վիճակներ են, որոնք խիստ անհատական են: Բայց լինում են դեպքեր, որ կյանքի նկատմամբ վերաբերմունքը, ոգևորվածությունը լրիվ փոխվում է, լինում է, որ ընդհակառակը ամոթը էլ ավելի է պարփակում նրան և թույլ չի տալիս ներդաշնակ ապրել: Չես կարող ասել հետևանքը ինչ կլինի:

-Դուք որպես հոգեբան ինչ խորհուրդ կտաք:

-Անձի հոգեբանական հասունությունը պետք է ապահովվի պետական մակարդակով: Քանի որ անհատներն են ապահովում հասարակության առողջ լինելը: Ուստի պետք է դպրոցներում հոգեբանությունը մտնի որպես առարկա, մանկապարտեզներում պետք է հոգեբաններ աշխատեն և զարգանա ընտանեկան հոգեբանի ինստիտուտը: Այսպիսի համակարգված և ամբողջական աշխատանքի արդյունքում, մենք կունենանք հնարավորինս առողջ հասարակություն, կայացած անհատներ և հոգեկան ներդաշնակություն բոլոր պարագաներում: Հոգեկան ներդաշնակության արդյունքում անհատն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, կընդունի բարդությունները, կփորձի դրանք հաղթահարել և գտնել ելք, որը կտանի դեպի հնարավոր հաղթանակների: Ի դեպ կարևոր է գիտակցեն նաև, որ պարտությունը ևս կոփում է անձի կամքն ու կարող է նոր հաղթանակի պատճառ լինել:

Հարցազրույցը` Արփինե Թովմասյանի




Լրահոս