Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում գտնվող Սուրբ Հարություն հայ առաքելական եղեկեցու հարակից տարածքը ցանկանում են խլել եկեղեցուց: Ինչպես կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վեներա Գասպարյանը՝ Մոլդովայում հայ համայնքի ղեկավարը, եկեղեցու տարածքը ցանկանում է խլել հայկական գերեզմանատան տնօրեն Մարիա Մունթյանը՝ Ծիսական ծառայությունների կոմբինատի տնօրեն Լյուդմիլա Բոցմանի հետ միասին:
«Հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է դեռևս նախորդ դարասկզբին և համաձայն կառավարոսւթյան որոշման՝ 2000 թ-ից համարվում է պահպանվող տարածք,- նշել է Վեներա Գասպարյանը: – Եկեղեցու հարակից տարածքում հայկական մշակութային գիմնազիա կառուցելու ծրագիր կա: Տարեցտարի հայկական սփյուռքը այդ վայրում հայկական մշակույթի, ավանդույթների ու հոգևոր օջախ է հիմնում: Սակայն դա չեն ցանկանում թողնել հայկական գերեզմանատան տնօրեն Մարիա Մունթյանը՝ Ծիսական ծառայությունների կոմբինատի տնօրեն Լյուդմիլա Բոցմանի հետ միասին: Արդեն 10 տարուց ավելի է նրանք հարձակվում են հայ համայնքի ու անձամբ ինձ վրա»:
Վեներա Գասպարյանի խոսքերով՝ հուլիսի 21-ին եկեղեցու ու հնագույն հայկական գերեզմանոց են ժամանել Լյուդմիլա Բոցմանը, Մարիա Մունթյանն ու 8 ոստիկաններ: Սպառնալով արտաքսել հայկական սփյուռքին ու սկսել եկեղեցու հարակից տարածքում հուղարկավորություններ անելը՝ գերեզմանոցի տնօրենը ստիպել է ոստիկաններին Վեներա Գասպարյանի նկատմամբ արձանագրություն կազմել: