ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը շատ իմաստուն քաղաքական գործիչ է, եւ իր կարծիքով նման գործիչները պետք է շատ երկար քաղաքական կենսագրություն ունենան:
-Պարո՛ն Շարմազանով, Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է` հայտարարում է, որ չի հավակնում դառնալ ՀՀ ԱԺ նախագահ կամ վարչապետ: Վերջին անգամ, ըստ Դավիթ Հարությունյանի, նա նման հավաստիացում էր տվել հուլիսի 16-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Եթե Ս. Սարգսյանը չի ցանկանում երկարաձգել իր իշխանությունը, ինչո՞ւ է նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները:
-Ի տարբերություն ոմանց, որոնք ամեն ինչ անում են հանուն իրենց շահի, առաջնորդվում են նեղ կուսակցական ու անձնական շահով, մեզ համար, պետության առաջնորդի համար գերխնդիրը ոչ թե միշտ իշխանության մնալը կամ նեղ անձնական խնդիրները լուծելն է, այլ մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը մեկն է` որպեսզի ավելի արդյունավետ կառավարման համակարգ լինի: Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տվել մի իրողություն, որ մեզ մոտ միշտ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթող թեկնածուն ստացել է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, եւ դա եղել է նոր բախումների պատճառ:
Իսկ պառլամենտականը շատ ավելի քաղաքակիրթ է, շատ ավելի ժողովրդավար է, եթե լինում էլ է իշխանափոխություն, դա լինում է ավելի անցնցում ճանապարհով: Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն ինչում տեսնում են իրենց անձնական շահը, նրանց ոչնչով չեմ կարող օգնել ու սահմանադրական բարեփոխումների մեխը Սերժ Սարգսյանի ապագա ճակատագիրը չի, կամ Սերժ Սարգսյանն իր ապագա ճակատագիրը չի դրել սահմանադրական բարեփոխումների հիմքում: Պարոն նախագահը շատ հստակ նշել է, որ սա ավելի անցնցուն կառավարման խնդիր է: Ես խորհուրդ կտամ, որ ոչ թե նման անկապ բաների վրա կենտրոնանան, այլ բարեփոխումների:
Ես կրկնում եմ՝ ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումները ամենաառաջնայինը չեն, Սերժ Սարգսյանի համար սահմանադրական բարեփոխումներն ամեն կերպ անցկացնելը գլխավոր նպատակ չի: Մեզ համար ավելի կարեւորագույն խնդիրներ կան մեր օրակարգում՝ առաջինը մեր անվտանգության հարցն է, տնտեսության զարգացումն է, սոցիալական խնդիրների բարելավումն է, ու բազմաթիվ նման հարցեր: Իսկ դա ինչպես կորոշի ժողովուրդը, մեռնեմ ժողովրդի որոշմանը, կասի՝ այո, կլինեն սահմանադրական բարեփոխումները, չի ասի՝ այո, աշխարհը շուռ չի գա:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ Աժ նախագահ չդառնալու մասին հայտարարությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ որոշ ժամանակ հետո նա կարող է հայտարարել, թե ՀՀԿ-ականներն են «պարտադրում», որ ինքը խորհրդարանը ղեկավարի…
-Ով որ չի ուզում ձայն տալ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, թող ձայն չտա, այդ դեպքում խնդիրը ո՞րն է, եթե նման տեսակետ հայտնողներն այդքան ռեյտինգ ունեն, այդքան ուժեղ են, այդքան հզոր են, թող ընտրությունների ժամանակ հաղթեն, այդ դեպքում ի՞նչ խնդիր կա: Ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում, արդեն դառավ «Կիկոսի մահը»:
Ես հպարտ եմ, որ իմ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, հպարտ եմ, որ Ս. Սարգսյանն իմ թիմի ներկայացուցիչն է, ու ես կարծում եմ, որ Ս. Սարգսյանն իմաստուն ղեկավար է: Եթե իմ ցանկությանը մնա, ես կարծում եմ, որ նման իմաստուն քաղաքական պետական գործիչները պետք է երկար քաղաքական կենսագրություն ունենան: Չեք ուզում, որ ՀՀԿ-ն լինի իշխանություն, ուրեմն գնացե՛ք ու կրե՛ք ընտրությունները, եթե ժողովուրդը մյուսներին վստահում է, ուրմեն ինչու են այդ դեպքում այսպես անհանգիստ: Ես հանգիստ ասում եմ՝ մեզ համար սահմանադրական բարեփոխումներն ինքնանպատակ չեն, որոշողը ՀՀ քաղաքացին է: Վաղն էլ կարո՞ղ է հայտարարեն, թե ինչու է ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում, այ քեզ բան, չեք ուզում՝ ՀՀԿ-ն հաղթի, դուք հաղթեք, ով է ձեր ձեռքից բռնել: Եթե հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն է 2017 թվականին լինելու ԱԺ նախագահ, ուրեմն իրենք վստահ են, որ ՀՀԿ-ն հաղթելու է, իսկ ես շնորհակալ եմ իրենց նման վստահության համար, որ իրենք բարձր են գնահատում ՀՀԿ-ի շանսերը:
-«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրությունն արվել է ՀՀԿ-ի «հագով», այսինքն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս վստահ են դրանում:
-Բազմակարծություն է, ու ամեն մեկը կարող է իր կարծիքն ասել, բայց ես գտնում եմ, որ Սահմանադրությունը այն փաստաթուղթը չի, որ գուշակությունների, սուրճի բաժակ նայելու մակարդակի իջեցնենք, էլի: Եթե ՀՀԿ-ն 20 տարի է՝ վերարտադրվում է, նշանակում է, որ Սահմանադրությունը փոխվե՞լ է մշտապես: Այն ժամանակ էլ հայտարարում էին, որ մեծամասնական ընտրակարգն արդեն բոնուս է ՀՀԿ-ի համար, հիմա դա էլ ենք հանել, էլի դժգոհում են: Հիմա մենք ասում ենք՝ ախպեր ջան, լինելու է միայն համամասնական, հիմա ինչից են դժգոհ, ես դա չեմ հասկանում:
-Օրերս Սերժ Սարգսյանը իր մամլո խոսնակ է նշանակել ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Հակոբյանին, որը փորձել էր լրագրողի «վերբովկա» անել: Ինչո՞ւ է Ս. Սարգսյանը նման մարդուն այդպիսի պաշտոնի նշանակել:
-Ես կարծում եմ, որ եթե նման պաշտոնի Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկին նշանակում է, ուրեմն՝ վստահ է, որ նա կարող է իր առջեւ դրված պարտականությունը կատարել: Կոռեկտ չի, որ իշխանության ներկայացուցիչը գնահատական տա նախագահի կադրային քաղաքականությանը: Եթե նախագահը որոշել է, ուրեմն նա ունի ընդունակություններ՝ կատարելու այդ պատասխանատու աշխատանքը:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը