«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդիպեցին Սուրեն և Էդգար Գյանջումյաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ:

Սուրեն Գյանջումյանը ներկաներին պատմեց «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի մասին, ներկայացրեց խմբի ձեռքբերումները, շրջագայությունները աշխարհի ավելի քան 40 երկրում:

Սուրեն Գյանջումյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան եկած մեր հայրենակիցներին՝ օտար ափերում ազգային արժեքները պահպանելու և սերունդներին փոխանցելու դժվարին գործը ստանձնելու համար: «Ազգային պարերին տիրապետելու շնորհիվ հնարավոր է Սփյուռքում հայ մնալ: Մեր պարերից յուրաքանչյուրը ազգային ավանդույթի պահպանության յուրահատուկ միջոց է: Սովորեցնելով երեխաներին ազգային պարերը, դուք նրանց եք փոխանցում հայկականություն»: Սուրեն Գյանջումյանը նշեց, որ իր տեսակի շարունակությունը տեսնում է թոռան՝ Էդգար Գյանջումյանի մեջ և հպարտ է, որ իր թոռը նման երաժշտական ստեղծագործություններ է պարգևել հայ ժողովրդին:

Այնուհետև դպրոցի մասնակիցներին իր ստեղծագործությունները ներկայացրեց կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը:

Է.Գյանջումյանի՝ «Իմ Երևան» երգի առաջին իսկ հնչյուններից մասնակիցները սկսեցին ձայնակցել և կրկներգի ժամանակ ծափողջույններով իրենց ջերմությունն ու սերը փոխանցել երգահանին:

Էդգար Գյանջումյանը պատմեց «Հայրենիք» երգի և «Կարոտի ծառեր» մյուզիքլի ստեղծման պատմությունը, որից հետո մեծ էկրանով մասնակիցները դիտեցին ստեղծագործությունների տեսահոլովակները:

Կոմպոզիտորը խոսեց իր կյանքում հանդիպած դժվարությունների մասին և ներկաներին կոչ արեց չերկնչել, չվախենալ խոչընդոտներից, ապրած ամեն մի օրը ընդունել` որպես Աստծո կողմից տրված պարգև: «Մի անգամ որդուս ասացի, վաղը մենք նվեր ունենք ստանալու: Հաջորդ օրը նա հարցրեց` ինչ նվեր է, ու ես պատասխանեցի՝ այս օրն է մեր նվերը, ու մենք պարտավոր ենք ընդունել ու պաշտպանել այն»:

Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին արվեստագետներին և լուսանկարվեցին նրանց հետ:




Լրահոս