Օրեր առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Նոր Հաճնում կառուցված եկեղեցու օծման արարողությանը ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով ներկա էր: Նկատենք, որ վերջին ժամանակահատվածում նրանք սկսել են հաճախ «երեւալ» Գագիկ Ծառուկյանի կազմակերպած միջոցառումներին:
Եկեղեցու բացմանը ներկա էին նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարտուն Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանից պարզել, թե ինչու են նրանք կրկին «հավաքվել» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին, ու արդյո՞ք դա նշանակում է, որ Ծառուկյանը նպատակ ունի կրկին քաղաքականություն վերադառնալ:
-Մեր փոխհարաբերությունները նորմալ են, ոչինչ չի փոխվել: Իսկ ինչ վերաբերում է եղեկեցու բացմանը ներկա գտնվելուն, ապա Հայաստանում եկեղեցի է բացվել, ու ինձ հրավիրել են մասնակցել, ներկա գտնվել, ես էլ ընդունել եմ հրավերը, մասնակցել եմ օծման արարողությանը: Ներկա եմ գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցած եկեղեցու օծման արարողությանը: Այսինքն՝ այստեղ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում իմ մասնակցության մեջ:
-Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը հեռանում է քաղաքականությունից, ինչո՞ւ եք քաղաքականացնում նրա գործունեությունը:
-Եկեղեցու բացման մեջ պետք է քաղաքականությո՞ւն տեսնել, ես այդտեղ քաղաքականություն չեմ տեսնում, այդ քայլն էլ քաղաքական չէ` ո՛չ մասնակցելը եւ ո՛չ էլ հրավերը:
-Իսկ ինչպես եք գնահատում ՀՀ իշխանությունների գործելաոճը. նախ՝ Ծառուկյանին «չարիք» որակեցին, հիմա էլ՝ ամբողջ կազմով մասնակցում են նրա կառուցած եկեղեցու օծմանը:
-Ճիշտն ասած, այդ հարցի հասցեատերը ես չեմ, ուստի ես այդ առումով որեւէ պատասխան չունեմ: Ես կողմնակից եմ, որպեսզի լարվածություն չլինի, որպեսզի բոլորն իրենց ուժերը, իրենց հնարավորությունները ներդնեն հանուն մեր երկրի, հանուն մեր պետության կայացման: Ավելորդ լարվածությունն ու թշնամությունը մեզ լավ տեղի չեն տանելու: Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել հանուն մեր երկրի բարօրության:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ