Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է իր համար ընտրապայքարի թիմ հավաքագրելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ Սերժ Սարգսյանն իր ուղեղը քաղաքական իմաստով բացառապես ծանրաբեռնել է սահմանադրական բարեփոխումների վրա, դժվար է հստակ պնդում անել, թե ով է մեր երկրի նախագահի հավանական ժառանգորդը: Իհարկե, իշխանության մեջ կա մի խումբ, որն առավել հակված է, որ այդ կարգավիճակում լինի հենց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը կարեւորագույն որոշումները մշտապես կայացնում է վերջին պահին` մինչ վերջին վայրկյանը գաղտնիության մեջ պարուրելով հարցը, որպեսզի «ինֆորմացիոն ուտեչկա» չլինի: Սովորաբար, երբ Սերժ Սարգսյանը որեւէ մեկի հետ պայմանավորվում է որեւէ պաշտոնական նշանակում անելու շուրջ, ապագա պաշտոնյայից առաջին հերթին պահանջում է որեւէ մեկի հետ չկիսվել այդ թեմայով, չխոսել անգամ տանը կամ ընկերների հետ, մինչեւ այդ մասին պաշտոնական որոշում լինի: Թե ինչու է նա գործունեության այսպիսի ոճ ընտրել, դժվար է ասել, բայց որ նրա նախասիրություններն այդպիսին են, անհերքելի իրողություն է:

Թերեւս սա է պատճառը, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն իր մտքում արդեն որոշել է գնալուց հետո գահը Սեյրան Օհանյանին հանձնել, ապա նա որեւէ մեկին չի ասի, կամ հազվագյուտ քչերը կիմանան այդ մասին: Բայց դատելով Սեյրան Օհանյանի պահվածքից, նրա գործունեությունից (պաշտպանության նախարարի գործառույթներից դուրս)՝ Սերժ Սարգսյանն առնվազն նման բովանդակության մի խոսակցություն ունեցել է Օհանյանի հետ: Պարզապես դեռ հստակեցումները վերջնականապես արված չեն` վերը բերված պատճառներից ելնելով:

Իսկ ինչո՞վ է զբաղված Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա ակտիվորեն զբաղված է իր համար ընտրապայքարի թիմ հավաքագրելով: Ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ է հանդիպում նախարարը, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում անարդարության մթնոլորտի մասով, դժգոհում երկրի տնտեսական վիճակից եւ այդկերպ մարդկանց «բերանի համն է իմանում», որպեսզի հասկանա, թե մարդկային ինչ ռեսուրսների միջոցով է ի վիճակի թիմ ձեւավորել: Սեյրան Օհանյանի հետ մտահոգ հանդիպումների մեկնածներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սեյրան Օհանյանն անձամբ խիստ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա ունեցած լիազորություններով: Իսկ թե ինչ հաջողության կհասնի, դժվար է ասել:

Ինչպես հայտնի է՝ սահմանադրական բարեփոխումները ձեռնտու են բացառապես Սերժ Սարգսյանին եւ նրա փեսայի` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի երիտասարդ թիմին: Նրանք դեմ չեն փոփոխություններից հետո որեւէ երիտասարդի (կլինի օսլայած մազերով, թե առանց օսլայի) կարգել ՀՀ նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն էլ իրականում շարունակի լինել երկրի թիվ մեկ «շեֆը»:

Այս իմաստով ՀՀ սահմանադրական փոփոխությունները լրջագույն փորձություն են իշխանական շատ գործիչների համար, քանի որ նրանցից յուրաքանչյուրն այդտեղ իր հետաքրքրություններն ունի՝ ոմանք դրական, ոմանց դեպքում էլ բացասական իմաստով:

Դառնալով Սեյրան Օհանյանի հավակնություններին՝ նշենք, որ մեր երկրում այսօր իսկապես կա պատկերացում, որ Սեյրան Օհանյանն ամենահարմար թեկնածուն է, քանի որ բարեկիրթ է, պատերազմի բովով անցած, համեստ, թիմի մարդ եւ այլն: Բայց նա այս դրական վերապահումներին զուգահեռ արդեն սկսել է հայ դասական պաշտոնյային վայել կյանքով ապրել, ինչը օր օրի կարող է նվազեցնել նրա հնարավորությունները եւ փոխել վերը թվարկված առավելությունների հավասարակշռությունը` ընդդեմ Օհանյանի:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին նախարար Օհանյանը հասցրել է Սեւանում շքեղ առանձնատուն կառուցել, Վահաեգնի թաղամասում եւ Մոնումնտում դղյակների տիրանալ, էլ չենք խոսում Փարիզում հիվանդանոցի եւ այլ եկամտաբեր բիզնեսների մասին, որոնց առնչությամբ նախարարի տիկինը` Ռուզաննա Խաչատրյանը, դատական գործընթացների մեջ է ներգրավվել մամուլի ներկայացուցիչների հետ:

Թե այս պայմաններում ինչ արդյունքի կհասնի նախարար Օհանյանը թիմի հավաքագրման առումով, դժվար է ասել, բայց նրա ձգտումներն անթաքույց են, հնարավորությունները` դեռ երեւացող:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս