
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից արտահանման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 11.2 տոկոսով: Իսկ այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, 36.2 տոկոսով նվազել են նաեւ ներմուծման ծավալները: Պաշտոնական վիճակագրության այս տվյալները ներառում են միայն ընդհանրական արդյունքներ, այսինքն՝ բացակայում են ըստ երկրների արտահանման ցուցանիշները:
Սակայն, հաշվի առնելով մինչ այս հրապարակված բոլոր տվյալները, վստահաբար կարող ենք կանխատեսել, որ արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման նվազումով: Ի դեպ, երբ տարեսկզբին արտահանման ծավալները սկսեցին նվազել, իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ դա ժամանակավոր երեւույթ է, եւ մի քանի ամսից իրավիճակը կկարգավորվի: Սակայն տարվա առաջին կեսն արդեն ետեւում է, իսկ տնտեսության վիճակը այդպես էլ չի կարգավորվում: