2014-ից, երբ մայրաքաղաք Երեւանի մի շարք դատարաններում ներդրվեց համակարգչային համակարգը, շատ կարծիքներ սկսեցին գերակշռել, թե այլեւս անհնար կլինի սուբյեկտիվ մոտեցումներ դրսեւորել, եւ դատական հայցերի քննությունն առավել օբյեկտիվ կլինի: Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում դատավորները ստիպված են լինում քննել այնպիսի հայցեր, որոնցից պարզապես գլուխ չեն հանում` կողմերի համար առաջացնելով լրացուցիչ դժգոհություններ:
Հիմա առավել մանրամասն փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում հայաստանյան դատական համակարգում, եւ բացի համատարած կոռուպցիոն (ներառյալ ազդեցիկ հովանավորչության դեպքերը) երեւույթներից՝ ուրիշ ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ՝ դատական արդարության հասնելու համար: Նախկինում Հայաստանում երբ որեւէ քաղաքացի հայց էր ներկայացնում դատարան, դատարանի նախագահն իր հայեցողությամբ էր հայցը մակագրում որեւէ դատավորի` նրան հնարավորություն տալով քննել գործը: Բայց արդեն մեկ տարուց ավել դատաիրավական բարեփոխումների շրջանակում որոշվեց մայրաքաղաքի դատարանների նախագահներին զրկել այդ իրավասությունից` դատավորներին առավել ազատ գործունեության դաշտ ապահովելու համար: Ու քանի որ Հայաստանում նույնիսկ բարեփոխումները հենց այնպես չեն արվում, ուստի այս ռեֆորմն էլ իր մեջ անձնավորված ենթատեքստ ունի:
Իսկ ի՞նչն էր այս որոշման իրական պատճառը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մայրաքաղաքի դատարանների նախագահների նկատմամբ անվստահությունը առաջացրել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը: Պարզվում է` նա, շատ դեպքերում, երբ որեւէ հայց է ստացել, փաստաթղթերն այնքան է պահել իր գզրոցում, որ կա՛մ որեւէ դատավոր գնա, խնդրի` այդ գործն իրեն տալ` քննելու, կա՛մ հայցի տերը հայտնվի` համապատասխան վերաբերմունքով, որից հետո նոր գործի քննությունը սկսվել է: Այսինքն` ըստ լուրերի՝ դատարանի նախագահը ցուցաբերել է սուբյեկտիվ վերաբերմունք, որի օրինակը մատնացույց անելով՝ դատական համակարգում համակարգչային մոդելը կիրառելու անհրաժեշտություն է առաջ եկել:
Իհարկե, դատավոր Ուզունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Դուք ինձ զարմացրեցիք, դատարանների նախագահներ եղել են մինչեւ Ուզունյանը, Ուզունյանի ժամանակ եւ Ուզունյանից հետո էլ կլինեն: Ինձ թվացել է, որ ես միշտ օբյեկտիվ եմ եղել: Այս ինչ հետաքրքիր ընտրություն կատարեցիք, ես հասկացա, որ ձեր հարցը սադրանք էր, ինչո՞ւ չէ, Ուզունյանի ազգանունը երեւի գրավիչ էր: Դուք շատ սխալվում եք, գտեք ձեր հարցերի մեկնաբանությունը ուրիշի մոտ, ոչ ինձ մոտ, ես այդ մարդը չեմ եղել, գոնե երեք տարի նամուսով բարեխիղճ բոլորիդ աչքի առաջ աշխատել եմ: Ձեր հարցերի մեջ պրովոկացիա կա, եւ դրա համար չեմ պատասխանում»:
Հիշեցնենք` Սամվել Ուզունյանն այն պաշտոնյան էր, ով վարում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը: Եւ նրա վարած դատավարությունից առ այսօր ՀՀ որեւէ քաղաքացի գոհ չէ: Մեծից փոքր բոլոր հայերի մեջ 16 տարի շարունակ չեն փարատվում կասկածները, որ ՀՀ Ազգային ժողովի եւ Կառավարության ղեկավարներին ու պատգամավորներին չէր կարող Նաիրի Հունանյանի բանդան սպանել, նրանք ունեին կազմակերպիչներ ու հովանավորներ, որոնք Սամվել Ուզունյանի վարած դատաքննության ընթացքում այդպես էլ ի հայտ չեկան:
Բայց Ս. Ուզունյանը ստացավ առավել բարձր պաշտոն` Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է հիմա, եւ նրա գործունեության արդյունքում տուժեցին մայրաքաղաքի մի շարք դատարանների նախագահներ: «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ շատ դատավորներ ու դատարանների նախագահներ պարբերաբար մասնագիտական քննարկումների ժամանակ դժգոհում են, թե ինչպես կարելի էր մի դատարանի նախագահի երեսից ողջ համակարգը փոխել: Բայց եղածը եղած է, եւ 2014 թվականից մայրաքաղաքի բոլոր դատարաններում, երբ որեւէ գործ է մուտքագրվում, համակարգչային սկզբունքով է բաշխվում, թե որ դատավորը պետք է քննի այն: Իսկ մարզերում դեռ նոր-նոր են սկսել կիրառել այդ մեթոդը, քանի որ տեխնիկապես վերազինվելու համար դեռ ռեսուրսներ են անհրաժեշտ: Եւ հիմա ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ. ՀՀ 10 մարզերում գործունեություն ծավալող դատարանների նախագահները օբյեկտիվ են բաշխում դատական հայցերը, իսկ մայրաքաղաքի դատարանների նախագահները «ժուլիկներ» են, եւ նրանց փոխարեն պետք է բաշխումը կատարի համակարգիչը: Թեեւ կարծիք կա նաեւ, որ անգամ համակարգչային բաշխման ժամանակ է հնարավոր աճպարարությունների միջոցով ցանկալի գործը ցանկալի դատավորի մոտ ուղարկել:
Բայց այս իրավիճակում մի խնդիր կա. դատարանների նախագահները (թե՛ մարզային, թե՛ քաղաքային) իրականում լավ պատկերացնում են, թե իրենց ղեկավարած դատարանում որ դատավորն ինչ մասնագիտական ու մարդկային որակներ ունի, որ դատավորը ինչ բնույթի գործ կարող է լավ քննել: Դատավորներ կան, որ տնտեսական գործեր չեն կարող քննել, կան այնպիսիք, որ երկու հարեւանների վեճերը հարթելու մեջ են «մասնագիտացած», կան ամուսիններին հաշտեցնելու մեջ հմուտները եւ այլն: Այս իմաստով դատական հայցերի քննության արդյունավետ ընտրությունը միայն մարդկային միջամտության միջոցով է հնարավոր հասնել: Դատարանի նախագահը կարող է կողմնորոշվել, թե ընտանեկան վեճերը ում կարելի է վստահել, դաժան սպանության գործի քննությունը եւ բանկային խնդիրների կարգավորումը որ դատավորը պատվով կքննի: Թեեւ չի կարելի անտեսել սուբյեկտիվիզմի գործոնը, ինչպես եղել է Ս. Ուզունյանի եւ գուցե էլի շատերի պարագայում:
Բայց անկախ ամեն ինչից, մեկ անձով պայմանավորված ռեֆորմները վաղ թե ուշ դատապարտվում են ձախողման: Դատական արդարության, անկախության, անկաշառության պատճառներն առավել հեշտ է գտնել ու խնդիրը կարգավորել: Ուղղակի ցանկություն է պետք, որը դեռ մեր երկրում չկա: Երբ լինի քաղաքական կամք` անկախ դատական համակարգ ունենալուց, այդ օրերից էլ կունենանք այն:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ