Ազատամուտի գյուղապետի որդին հետախուզվում էր աղջիկ փախցնելու անհաջող փորձի մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդուն՝ 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմաց առանց պետական համարանիշների «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւանի քաղաքի բնակչուհի Մ. Հ.-ին, սակայն Իջեւանի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանը եւ մյուսներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելու փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):

Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Գյուղապետի որդին այս գործով գտնվել է հետախուզման մեջ: Երբ նա ինքնակամ ներկայացել է, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննարկելով քրեական գործի նախաքննության ընթացքում Կ. Մարտիրոսյանին կալանքի ենթարկելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությունը, որոշել է այդ միջնորդությունը մերժել, Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 միլիոն դրամ գրավը:

Հետո, երբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Տավուշի մարզի դատախազը բողոքարկել է Լ. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին դատավոր Ռ. Մելքոնյանի որոշումը: ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բավարարել է մարզային դատախազության դատախազի բողոքը, եւ Կ. Մարտիրոսյանի համար մուծված գրավը վերադարձվել է:
Դրանից հետո, սակայն, Կ. Մարտիրոսյանն անհետացել է, ինչի պատճառով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հուլիսի 3-ին նշանակված նիստն անցել է առանց մեղադրյալի: Ի դեպ, դատական նիստը վարել է նույն դատավորը՝ Ռաֆիկ Մելքոնյանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս