Գրեթե ամեն տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելում է Հայաստանի մարզեր, գյուղեր եւ բնակիչներին խոստումներ տալիս, որ գյուղացիներն այս տարի գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն ունենա: Սակայն հասնում է այն վաճառելու ժամանակը, եւ գյուղացին կրկին անգամ կանգնում է իրացման խնդրի առաջ:
Գյուղացիները չեն կարողանում նույնիսկ իրենց բերքի ինքնարժեքը ստանալ: Մինչդեռ շատերը, հավատալով գյուղնախարարի խոստմանը, թե գյուղացին այս տարի բերքի իրացման խնդիր չի ունենալու, վարկեր են վերցնում եւ տարեվերջին կանգնում փաստի առաջ:
Բավական է հիշել օրեր առաջ Արարատի մարզում ստեղծված իրավիճակը. ծիրանի մշակությամբ զբաղվող մի շարք գյուղացիներ բողոքում էին, որ «Արտֆուդ» ընկերությունը չի մթերել իրենց ծիրանը: Տեղեկացնենք, որ «Արտֆուդ»-ի սեփականատերերից մեկը հենց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է: Իսկ ավելի վաղ՝ գարնանն էլ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի բնակիչները բախվեցին կարտոֆիլի իրացման խնդրին: Նրանց նույնպես գյուղնախարարը խոստացել էր, որ բերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի: Սակայն ստացվեց հակառակ պատկերը: Մարդիկ մի կերպ կարողացան իրենց ապրանքը ներքին շուկայում իրացնել: Ավելին՝ իրացման հետ կապված խնդիրը մեր հանրապետությունում, չգիտես ինչու, կարգավորվում է միայն ֆերմերների համար, իսկ հասարակ գյուղացին շարունակում է տուժել ու վնասներ կրել: Այս անգամ հերթական խնդրի առաջ հայտնվել են Տավուշի մարզի գյուղացիները. նրանք այս օրերին մի կերպ են կարողանում իրացնել իրենց աճեցրած դեղձը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Դեղձավանի գյուղապետ Յուրիկ Հովհաննիսյանի հետ, ով ասաց. «Գյուղացին է իր գլխի ճարը տեսնում: Իրենք իրենց ապրանքը մի կերպ այստեղ-այնտեղ վաճառում են: Կան մարդիկ, ովքեր իրենց սեփական մեքենաներով ապրանքը դուրս են հանում երկրից կամ բերում են Երեւան ու քաղաքի շենքերի բակերում են փորձում վաճառել»:
Գյուղապետի խոսքերով՝ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները խոստացել էին գալ գյուղ եւ դեղձի մթերման հարցով պայմանավորվածույթուն ձեռք բերել: Սակայն առայժմ նրանք չեն երեւացել: «Այս պահին իրացման հետ կապված խնդիրն այդքան էլ մեծ չէ, քանի որ հիմա մարդիկ վաճառում են վաղահաս դեղձը, իսկ ամսվա վերջին, երբ կհասնեն դեղձի մյուս տեսակները, այդ ժամանակ խնդիրներ կառաջանան»,- ներկայացրեց գյուղապետ Հովհաննիսյանը:
Իսկ, ահա, Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դեմիրչյանը տեղեկացրեց, որ «Սպայկա» ընկերությունը դեղձի մթերման հարցով պայմանավորվածություն ձեռք է բերել միայն ֆերմերների հետ: Ստացվում է, որ ինչպես այս, այնպես էլ մյուս գյուղերում հասարակ գյուղացին պետք է իր ուժերով կարողանա գյուղմթերքը վաճառել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ