Թռչնամիս արտադրողները մորթում են հավերն ու թափում. գործարարները ծանր վիճակում են հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներմուծված թռչնամսի պատճառով տեղական արտադրողները սննկանում են
Վերջին մի քանի ամիսներին դժվարին կացության մեջ են հայտնվել Հայաստանի թռչնամսի եւ ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ ներմուծվող թռչնամսի ծավալների աճի պատճառով տեղական արտադրողները մեծ վնասներ են կրում. շուկայում սպառվում է առավել էժան, սակայն ոչ շատ որակով ներմուծված թռչնամիսը, իսկ տեղականը՝ ոչ:

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում թռչնամսի իրացման ծավալները նվազել են, իսկ ներմուծման ծավալները, հակառակը, ավելացել են: «Արտադրանքի իրացման ծավալների նվազումը նաեւ կապ ունի մարդկան գնողունակության անկման հետ: Սրան զուգահեռ աճել են ներմուծման ծավալները:

Մարդիկ սկսել են թռչնամիս ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից, որը հայկական շուկայում ավելի էժան է վաճառվում, քան տեղականը: Բայց տեղական արտադրողներն այս ֆոնին լուրջ խնդիրներ են ունենում. սկսել են ինքնարժեքից ցածր վաճառել իրենց ունեցածը ու վնասներ կրել»,- նկատեց Ստեփանյանը: Մասնագետից տեղեկացանք, որ այս օրերին տեղական շուկայում մեկ կիլոգրամ թռչնամիսը վաճառվում է 750-800 դրամով. «Գինն արդեն խոսում է իր որակի մասին: Տեղական արտադրողները տարիներ շարունակ ներդրումներ են անում, արտադրության ծավալներն են ավելացնում, բայց մեծ քանակությամբ ներմուծված թռչնամսի պատճառով նրանք մեծ վնասներ են կրում»,- մտահոգված արձանագրեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահը:

Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վաչագան Ամիրխանյանը նույնպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ վերջին ամիսներին նվազել են թռչնամսի իրացման ծավալները: Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ տեղական շուկայում ստեղծված իրավիճակի հետեւանքով իրենք ստիպված են լինում նույնիսկ ինքնարժեքից էլ էժան գնով թռչնամիս վաճառել՝ զգալի վնասներ կրելով:
Այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ ավելի քան տասնամյա գործունեության պատմություն ունեցող թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Միլեն Արտ» ընկերությունը, որի արտադրանքը հիմնականում սպառվում էր Երեւանում: «Ժողովուրդ»-ը թռչնամսի շուկայում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Միլեն Արտ» ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանի հետ:

Վերջինս ցավով արձանագրեց, որ իրեն պատկանող ընկերությունը մոտ 20 օր է, ինչ չի աշխատում:

«Այնքան խնդիրներ են առաջացել, որ հիմա ես չեմ ցանկանում լսել թռչնամսի մասին: Շատ ահավոր վիճակում հայտնվեցի. թռչնամսի գինն իջավ ու դարձավ 900-1000 դրամ: Իսկ դա մեզ համար ինքնարժեքից ցածր գին է: Ինչ ունեի, եղածը մորթեցի: Լրիվ հավերին մորթեցի ու թափեցի: Վնասներ կրեցի: Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետեւ մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- վրդովված նշեց գործարար Աբրահամյանը:

Նրա պնդմամբ՝ մեր հարեւան հանրապետության՝ Վրաստանի թռչնամսի շուկայում պատկան կառույցները վերահսկողություն են իրականացնում: «Ըստ այդմ, իրենք տեղյակ են, թե որքան ներմուծված թռչնամիս է պետք եւ որքան տեղական: Իսկ մեզ մոտ նման բան չկա, ով որքան ցանկանում է, ներմուծում է: Բերում են ու շուկան դրանով ողողում, հետո սկսում են կռիվ տալ գնի համար: Այսօր 1 կգ տեղական թռչնամիսը պետք է վաճառվեր 1300-1400 դրամ, բայց ներմուծված թռչնամսի պատճառով այն դարձավ 900-1000 դրամ: Բավականին հետ գնացինք, մեծ վնասներ կրեցինք»,- նշեց «Միլեն Արտ»-ի տնօրենը` հավելելով, որ այս ամենի արդյունքում պարտքեր է կուտակել, ունի նաեւ վարկային պարտավորություններ:

Ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված գործարարը դեռ չի որոշել իր հետագա անելիքները: «Չեմ հասկանում, թե ինչպե՞ս վարվեմ: Չէ որ բազմաթիվ, թանկարժեք սարքավորումներ եմ գնել, թռչնանոցներ եմ կառուցել, աշխատանքներ են տարվել: Հիմա ամբողջ եղածը, ստեղծածը քանդեմ ու մտածեմ, թե դրա փոխարեն ինչ անեմ»,- հուսահատված դժգոհեց գործարարը:

Նա մեծ ափսոսանքով նշեց, որ սկսել է մտածել ունեցած տեխնոլոգիաները, սարքավորումները վաճառելու մասին: «Մեր երկրում չկա մի կազմակերպություն, կառուց, որը կկարողանա աջակցել մեզ՝ գործարարներիս: Եթե պատկան մարմիններին հետաքրքրեր, ապա կփորձեին ուսումնասիրել ու հասկանալ, թե շուկայում ինչ է կատարվում: Ոչ մեկը հետաքրքրված չէ: Փոքր ու մջին բիզնեսը մեր երկրում կործանվում է, իսկ իրենք չկան»,- ընդգծեց Աբրահամյանը:

«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4 մլն 213 հազար 850 կգ թռչնամիս: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ներմուծվել է 33 մլն 243 հազար 207, իսկ 2013-ին՝ 28 մլն 335 հազար 560 կգ թռչնամիս: Ստացվում է, որ թռչնամսի ներմուծման ծավալները տարեցտարի ավելի են աճում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս