Թանահատցիներին չեն հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Թանահատ գյուղի բնակիչները դեռ չեն շտապում կարծիքներ կազմել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի խոսքերով՝ բնակիչներն իրականում այդքան էլ հետաքրքրված չեն սահմանադրական բարեփոխումներով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, Ձեր ձեռքի տակ կա ՞ սահմանադրական բարեփոխումների մասին հայցեկարգը: Հասցրե՞լ եք այն ուսումնասիրել:

-Այո՛, ամբողջովին ուսումնասիրել ենք:

-Եւ ի՞նչ առարկություններ ունեք: Ո՞ր կետի հետ եք համաձայն, որի հետ՝ ոչ:

-Անձամբ ե՞ս, թե՞ բնակչությունը:

-Նախ՝ թանահատցիները, ապա՝ Դուք:

-Բնակչությանը հետաքրքիր չէ, թե իր վերեւներն ովքեր են: Ինքը միայն մտածում է իր օրվա մեկ կտոր հացը վաստակելու ու ապրելու մասին: Իրենց հետաքրքիր չէ, որովհետեւ այնքան են հոգսերի մեջ թաղված, որ իմաստ էլ չեն գտնում փոփոխությունների եւ առաջարկությունների մասին մտածելու:

Ես մի գյուղացի եմ, ինձ հետաքրքիր է, թե իմ վերեւում ինչ տեսակի են, կամ ովքեր են: Ժողովուրդը միայն մի նպատակ ունի՝ խաղաղ ապրի, իր որդին գնա, խաղաղ պայմաններում ծառայի, հետ գա ու հասնի իր ընտանիքին: Իսկ այդ բարեփոխումների մասով կասեմ հետեւյալը՝ թող քաղաքագետներն աշխատեն այդ ուղղությամբ:

-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, ի՞նչ եք մտածում սահմանադրական բարեփոխումների մասին:

-Առաջիկայում համայնքների խոշորացում են պատրաստվում իրականացնել, իսկ հավատացեք՝ սա գյուղերի վերջին ակորդն է: Հիմա ես գյուղապետ կլինեմ, թե ոչ, ես աշխատող մարդ եմ, հող կմշակեմ, կապրեմ, բայց լավ իմացեք, որ սա գյուղերի վերջն է: Գյուղից քաղաք փող են տանում, այ տեսեք, թե ինչ վիճակի ենք հասել, դոտացիան պետք է կտրեն գյուղերի: Ես ինքս համաձայն չեմ սահմանադրական բարեփոխումների հետ:

-Իսկ սահմանադրական բարեփոխումների հետ կապված գյուղի բնակիչների հետ քննարկումներ անցկացվե՞լ են, թե՞ ոչ :

-Մենք միշտ էլ գյուղացիներով հավաքվում ենք ու բանավոր զրուցում: Բայց ես գտնում եմ, որ փոքր ազգերը պետք է նախագահականով, ֆորմատով ապրեն: Ո՛չ կիսանախագահականին եմ համաձայն եւ ո՛չ էլ սահմանադրականին: Մինչդեռ հոգսերն այդքան շատ են:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս