Սահմանամերձ Բերքաբերում զինծառայողին ազատազրկեցին 4 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչ, ավագ սերժանտ, 1993թ. ծնված Արծրուն Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ. օգոստոսի 29-ից, որպես մարտական դիրքի ավագ, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, նույն դիրքում որպես դիտորդ նշանակված Մ. Սիրեկանյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին:

Մ. Սիրեկանյանին պատճառվել է կյանքին սպառնացող ծանր վնաս: Ծառայակիցներն անմիջապես միջամտել են, Սիրեկանյանին տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատությամբ հաջողվել է փրկել նրա կյանքը: Ա. Դիլբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձը), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատաքննության ընթացքում Ա. Դիլբարյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, որ այդ օրը գումարտակի պաշտպանական շրջանում մարտական դիրքերի ստուգողներ պետք է գային, ինչի կապակցությամբ ինքը կարգադրել է մաքրել հենակետի տարածքը:
Տեսնելով, որ գետնատնակի դիտորդ, կրտսեր սերժանտ Մ. Սիրեկանյանն առանց բաճկոնի եւ սաղավարտի է, կարգադրել է դրանք հագնել:

Սակայն վերջինս չի ենթարկվել հրամանին՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի: Ծագած վիճաբանության ընթացքում Մ. Սիրեկանյանը բռունցքով հարվածել է Ա. Դիլբարյանի դեմքին, վերջինիս քիթն արյունահոսել է: Լվացվելուց հետո Դիլբարյանը մտածել է վրեժխնդիր լինելու մասին: Նա գետնատնակի մոտ տեսնելով իրեն ընդառաջ գնացող Սիրեկանյանին՝ գրպանից հանել է դանակը եւ հարվածել վերջինիս կրծքավանդակին:
Դիլբարյանը դատարանում հայտնել է, որ դանակահարումից հետո ինքն օգնության համար ջուր է բերել, երբ Սիրեկանյանը ուշագնաց է եղել, ինքը ցանկացել է ինքնաձիգով ինքնասպան լինել, սակայն ծառայակիցները խոչընդոտել են:

Դատարանը ապացուցված է համարել, որ Ա. Դիլբարյանը դանակահարելով ցանկացել է ոչ թե մահ, այլ մարմնական վնասվածք պատճառել, ինչն ապացուցվում է արարքի կատարման պատճառով, հարվածի քանակով եւ դանակահարումից հետո Ա. Դիլբարյանի դրսեւորած վարքագծով: Դատարանը վերաորակավորել է Ա. Դիլբարյանի կատարած արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս