Մինչ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն այս օրերին ամբողջովին զբաղված են ծիրանի արտահանմամբ, Արագածոտնի մարզի եզդիները, ովքեր Հայաստանում հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ, բողոքում են, որ այս տարի չեն կարողանում վաճառել իրենց ոչխարները, իսկ ոչխարի բուրդն արդեն ստիպված են լինում այրել:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Արդյունքում, Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ոչխարների արտահանման ծավալների նման կտրուկ աճը եզդի ազգաբնակչության որոշ մասի մոտ դժգոհության առիթ տվեց: Այն եզդիները, որոնք ոչխարները իրանցիներին կամ միջնորդ հայերին վաճառել էին գործընթացի սկզբում, լուրջ ֆինանսական կորուստ ունեցան, քանի որ դրանից հետո ոչխարների գինը շեշտակի բարձրացավ: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ այն ժամանակ գյուղատնտեսության նախարարի հրամանով արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել եւ վերականգնել նաեւ դրանց թիվը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է ընդհանուր 16 հազար 868, իսկ նախորդ տարվա ընթացքում՝ 11 հազար 830 գլուխ ոչխար եւ գառ:
Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքերով՝ այսօր ՀՀ-ում գրանցված ավելի քան 42 հազար եզդիների մեծ մասն ապրում է միայն անասնապահությամբ, հատկապես՝ ոչխարաբուծությամբ: Եվ եթե տարիներ առաջ եզդիները բողոքում էին ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումից, ապա այս տարի նրանց մոտ հակառակ պատկերն է ստեղծվել: Բանն այն է, որ ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեցին, որ այս տարի իրենք չեն կարողացել եւ ոչ մի հատիկ ոչխար վաճառել:
Եզդիները, տարիներ շարունակ ապրելով հայերի մեջ եւ հավատարիմ մնալով իրենց ավանդույթներին, մշտապես զբաղվել են ոչխարաբուծությամբ, ոչխարի պանրի եւ բրդի արտադրությամբ: Սակայն այսօր եզդիաբնակ եւ հայկական համայնքներում, որտեղ մարդիկ ոչխարաբուծությամբ են զբաղվում, դժվարին իրավիճակ է ստեղծվել: Շատ եզդիներ ստիպված լքում են Հայաստանը. նրանց խոսքերով՝ Հայաստանում անասնապահությունն այլեւս եկամտաբեր չէ: Նախ՝ անասնակերն են թանկ գնով ձեռք բերում, ապա՝ չեն կարողանում վաճառել ունեցած անասունը, ինչի արդյունքում վնասներ են կրում:
Օրինակ՝ Արագածոտնի մարզի Արեւուտ համայնքի ղեկավար Ֆայզո Ամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նկատեց, որ իրենց գյուղի բնակիչների ունեցած ոչխարները չեն վաճառվել: «Այս տարի լավ տարի չեղավ. ոչ մի հատիկ ոչխար չվաճառեցինք, մինչդեռ կուտակած պարտքեր ու վարկեր ունենք: Թե դրանք ում միջոցներով պետք է մարենք, հայտնի չէ»,- հուսահատվեց գյուղապետ Ամոյանը: Ի դեպ, եզդիական գյուղեր կան, որտեղ ոչխարների գլխաքանակը 10 անգամ նվազել է:
ՀՀ եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով. «Այս տարի եզդիները չեն կարողանում ընդհանրապես ոչխար վաճառել: Ես կասեի, որ նույնիսկ վերջին տարիներին ոչխարները չեն վաճառվում: Բայց նրանք կարողանում են գառ վաճառել, իսկ ոչխար՝ ոչ»: Թամոյանի պնդմամբ՝ գառան մսի կալորիականությունն ավելի բարձր է, քան ոչխարինը. «Գառան միսն ավելի համով է, քան ոչխարինը»:
Թամոյանը տեղեկացրեց նաեւ, որ գառների հիմնական սպառողներն իրանցիներն են, ովքեր սեփական մեքենաներով պտտվում են եզդիաբնակ եւ հայկական գյուղերով եւ ձեռք են բերում դրանք: «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում, որի արդյունքում արձանագրեց, որ վաճառվում է միայն խոշոր եղջերավոր անասունի, խոզի եւ գառան միս: Իսկ ոչխարի միս սուպերմարկետներում չկա: Նշենք, որ գառան մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2900 դրամով:
Բացի ոչխարների վաճառքի խնդրից՝ եզդիներն այլեւս չեն կարողանում իրացնել նաեւ ոչխարի բուրդն ու պանիրը: Մինչդեռ խորհրդային տարիներին մարդիկ մեծ քանակությամբ բուրդ էին գնում բավականին թանկ գնով: Այսօր, սակայն, եզդիների մի մասը ստիպված էժան գնով է վաճառում ունեցած բուրդը, մյուս մասն էլ պարզապես այրում է: Որոշ գյուղապետեր մեզ հետ զրույցում նշեցին, որ եզդիներից շատերը բուրդը փաթեթավորել ու պահեստավորել են իրենց տների տանիքներում` հույսով, որ առաջիկայում այն սպառելու հնարավորություն կլինի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ