Երեկ Կոտայքի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել: Մարզի Գեղարդ համայնքում տղամարդը որդու հետ ծեծի է ենթարկել կնոջ հարազատներին: Ծեծը, իհարկե, վաղուց արտառոց դեպք չէ: Այստեղ տարօրինակ է այն հանգամանքը, որ ծեծի ենթարկվածը ավագ ծեծողի աներն է, կրտսերի՝ պապը:
Ոստիկանություն ահազանգողը եղել է աներձագը, ում փոխանցմամբ իրենց փեսան ընտանիքի հետ հարձակվել է իրենց տան վրա, ծեծել իրեն, կնոջը և հորը: Տղամարդն ասել է նաև, թե փեսան իրենց նյութական վնասներ ևս հասցրել է. դեպքից օրեր առաջ, նրանց խոսքով, իրենց թոռը եկել և կոտրել է պապի ավտոմեքենայի ապակիները:
Armlur.am-ի հետ զրույցում Գեղարդի գյուղապետ Իշխան Թառոյանը անհասկանալի պատճառներով հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը, միայն նշեց. «ինչ կատարվել է, անձնական հարցերով վիճաբանության հետևանքով է կատարվել»: