Քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 24-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի աշխատանքային քննարկմանը: Միջոցառումը իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, բացելով աշխատանքային քննարկումը, ողջունել է մասնակիցներին և նշել, որ նման ձևաչափով հանդիպումները նպաստում են աշխատանքի համակարգմանը, ինչպես նաև հետագա համագործակցությունների ամրապնդմանը:

Վիգեն Քոչարյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը /ՄԻՊԱՌՄ/ և ընդգծել, որ գործողությունների ծրագրի հաջող իրականացումն էական դրական ազդեցություն պետք է ունենա ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, կարևորելով քննարկման ձևաչափը, բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և այլ գերատեսչությունների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և այլ գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ՄԻՊԱՌՄ կատարման առաջընթացը և հիմնական մարտահրավերները, ծրագրի ազդեցությունը համապատասխան ոլորտների վրա, ինչպես նաև՝ 2015-2016թթ-ի ապագա գործողությունները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս