«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Ընկերներիցս մեկը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընդվզել էր՝ ինչու են մարդիկ վիրտուալ տարածքում իրար հասցեի զզվելի բաներ գրում, մի՞թե կարծում են, որ դրանով կարող են ստիպել ընդդիմախոսին «հանձնվել» և հրապարակավ ընդունել, որ նա սխալ էր: Իսկապես, համացանցի զարգացմանը զուգահեռ մարդիկ դարձել են ավելի «դուխով» և այլևս չեն վարանում ինքնահաստատվել՝ իրար ամենադաժան ձևով «քլնգելով»։ Կա նաև նոր մասնագիտություն՝ ֆեյսբուքյան և կայքային մեկնաբան, որի համար մարդիկ աշխատավարձ են ստանում:
Առաջ՝ 90-ականների առաջին կեսին, ամեն ինչ ավելի պարզ էր՝ «Երկիրը», «Ազատամարտը» [մինչև որ 94-ի վերջում ներկայիս խոշոր դեմոկրատներն այդ լրատվամիջոցները փակեցին], «Իրավունքը», «Գոլոս Արմենիին», «Այժմը» «քլնգում էին» իշխանություններին՝ գուցե ավելի խիստ, քան հիմա դա արվում է ֆեյսբուքում: Բայց այդ թերթերն ունեին խմբագիրներ, լրագրողներ՝ իրական, ոչ վիրտուալ մարդիկ, որոնք պատասխան էին տալիս իրենց խոսքի համար, իսկ տեղեկատվական միավորը հոդվածն էր, լուրը, ոչ թե «ստատուսը», մեկնաբանությունը, like-ը, share-ը կամ «սմայլիկը»: Հոդվածներն ընթերցողները կարդում էին, նաև կտրում էին, պահում էին թղթապանակների մեջ, նորից էին անդրադառնում: Հիմա մի թեմայով ֆեյսբուքյան գզվռտոցը 2-3 ժամից ավելի չի տևում, բայց շատ արագ մեկ այլ տեղում բռնկվում է մի նոր գզվռտոց: Կարևոր տարբերությունը նաև այն է, որ թղթային տարածքում լեզվին տիրապետելու, գրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան համացանցում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։