Արվեստաբան, նկարիչ, Գեւորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանն այն կարծիքին է, որ այսօր մշակույթը շատ է հեռացել բնությունից եւ մարդուց: Նրա համոզմամբ` այսօր մենք չունենք մշակույթի ոլորտի սիմվոլներ, փոխարենն ունենք, օրինակ, լավ նկարիչներ, որոնք ունակ են ուշադրություն գրավելու միջազգային ասպարեզում, պարզապես մենք մեր ետեւում չունենք մեծ պետություն…
-Պարո՛ն Միքայելյան, այսօր ստեղծվող արվեստն ինչպիսի՞ն է Ձեր աչքում:
-Այն, անկեղծ ասած, ինձ համար նույնը չէ, ինչ 1900-ական, 1910-ական, 1920-ական թթ. ստեղծվող արվեստը: Միեւնույն ժամանակ կան բաներ, որոնք քեզ համար լավն են, հարեւանիդ համար` ոչ. դա միշտ այդպես է եղել: Պարզապես այսօր ստեղծվող արվեստով անձամբ ես չեմ ոգեւորվում, գուցե հետամնաց մարդ եմ…Այսօրվա մշակույթը հեռանում է բնությունից: Իհարկե, նախկինում էլ կար նման մշակույթ, բայց այն ինձ համար հետաքրքիր էր: Իսկ այսօրվա մշակույթը սրընթաց կերպով հեռանում է մարդուց, մարդկայնությունից. սա ինձ համար շատ տխուր երեւույթ է:
-Իսկ ո՞րն է դրա պատճառն, ըստ Ձեզ, գուցե շա՞տ ենք քաղաքականացվել:
-Որքանով ես հիշում եմ, մշակույթը Հայաստանում երկրորդական, երրորդական, չորրորդական տեղ է գրավել: Խորհրդային միության տարիներին հիմնարկների մշակույթի բաժնի վարիչները, մշակույթի նախարարները մշակույթի հետ կապ չունեցող մարդիկ էին (թեեւ պետք է նշել, որ կային լիբերալ մոտեցմամբ պաշտոնյաներ), սակայն ժողովուրդը բարձր էր գնահատում մշակույթ հասկացությունը: Այն ժամանակ, երբ նշանավոր արվեստագետը փողոցով քայլում էր, բոլորը նրան ակնածանքով էին նայում, իսկ հիմա Կոմիտասն էլ արթնանա, մտնի սրճարան, երեւի ոչ ոք չզարմանա…Ժողովուրդն առաջվա պես ուղղված չէ դեպի մշակույթը, քիչ է դրանով հետաքրքրվում:
-Իսկ այսօր մշակույթի ոլորտի «սիմվոլներ» ունե՞նք:
-Ո՛չ, այսօր մենք սիմվոլներ չունենք, բայց ունենք տաղանդավոր մարդիկ, որոնք շատ գոհ են, որ գնահատված են պետության կողմից, նրանք գոհ են, որ ինչ-որ բանի են հասել, կարիերա են արել, իրենք իրենց լավ են զգում, բայց եթե, օրինակ, Լեւոն Ներսիսյանը նման իրավիճակում հայտնվեր, որում այդ կարկառուն դեմքերն են, խարակիրի կաներ: Նրա եւ նրա նմանների էության մեջ մեծ տոկոս էր կազմում բարոյականության գործոնը…Բայց եւ այնպես, ամեն բան դեռ կորած չէ. կան ինքնագոհ կարիերիստներ, որոնք անտաղանդ չեն. համենայն դեպս, մի երկու-երեք հոգի ժողովրդի կողմից զարմանալիորեն գնահատված են…
-Հայ կերպարվեստի ոլորտում ի՞նչը կփոխեիք:
-Կփոխեի ուսուցումը: Հին մշակույթ ունեցող բոլոր երկրներն իրենց ուսուցման գործընթացում պահպանելով ակադեմիականը՝ հաշվի են առնում նաեւ իրենց ազգի, ժողովրդի ստեղծածը. չինացիներն` իրենցը, իտալացիներն` իրենցը: Մենք էլ, օրինակ, ունենք մեր մանրանկարչությունը, բայց այն այսօր կրկնելը զարգացում չէ, հետընթաց է, կրկնությունը մեռած արվեստ է, պետք է նոր արվեստը արմատներից ելնելով բխեցնել. նույն կերպ մեր ուսուցումը պետք է լինի: Մարդու գլուխը չի կարելի անընդհատ ակադեմիականով լցնել. ակադեմիզմը խեղդում է կյանքի թրթիռը, անմիջականությունը: Մեզ մոտ նկարել սովորեցնում են տեխնիկական առումով, սակայն արվեստի մասը մնում է բաց:
-Այսօր ստեղծվող հայ կերպարվեստը միջազգային ասպարեզում մրցունա՞կ է:
-Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ լավ նկարիչներ, որոնք կարող են ուշադրություն գրավել միջազգային ասպարեզում…Չեմ կարծում, թե միջազգային մակարդակի շատ նկարիչներ ավելի հետաքրքիր են, ունեն նկարչական այն պոտենցիալը, որն ունի, օրինակ, Արման Գրիգորյանը: Հայերն իրենց էությամբ նկարիչ են… Մեր Քիքին (Գրիգոր Միքայելյան), ով այժմ ԱՄՆ-ում է, սովորական նկարիչ չէ, առանձնահատուկ երեւույթ է, իր ամերիկյան շրջապատում երեւում է…Իսկապես երեւույթ է ավագ Մարտին Պետրոսյանը, բայց դա շատ դժվար է աշխարհին ապացուցելը: Հարկավոր է ունենալ ուժեղ կազմակերպված, հետաքրքիր, ես կասեի` տաղանդավոր պետություն: Այսօր, օրինակ, մեքսիկական կերպարվեստը գոյություն ունի նաեւ տեղի ժողովրդի շնորհիվ, որը գնահատում է իր նկարիչներին: Իսկ մեր ետեւում այդ «թնդանոթները» չկան, այդ մեծ պետությունը չկա…
Աննա Բաբաջանյան