Գյուղացիները պատրաստ են 20 օրից կրկին «հանդիպել» գիշատիչներին. գայլերի հարձակումները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան գայլերի կողմից մանր եղջերավորների հոշոտման դեպք է գրանցվել հանրապետությունում:

Արագածոտնի մարզի Կայք գյուղի բնակիչներից մեկն իր գոմում 10  հոշոտված ոչխար է հայտնաբերել:

Armlur.am-ի հետ զրույցում Կայք համայնքի ղեկավար Ռուբեն Սարգսյանը հայտնեց, որ տուժած բնակչին վնասի մի մասը մարզպետարանն արդեն փոխհատուցել է, իսկ մյուս մասը պետք է համայնքային բյուջեից տրվի. «Արդեն 5-6 տարի է՝ գայլերի հարձակման դեպքեր չէին լինում: Այս տարի էլ առաջին դեպքն էր: Գայլերն անկանխատեսելի կենդանիներ են: Հնարավոր է՝ ամենաուշը 20 օր հետո կրկին հարձակվեն»:

Գյուղապետի խոսքով, չնայած այս հանգտամանքին, իրենք կանխարգելիչ որևէ քայլ չեն կարող ձեռնարկել: Պատճառներից մեկն այն է, որ, ինչպես արդեն նշվեց, այս գիշատիչներն անկանխատեսելի են: Հստակ չեն կարող իմանալ՝ հարձակումը երբ կլինի: Ինչ վերաբերում է որսին, ապա Ռուբեն Սարգսյանի խոսքով, թեև կա որսորդական շներ, այդուհանդերձ խոշոր չափերով որսն արգելվում է. «Մեր գյուղում շատ են խիտ անտառները: Չորս կողմում անտառներ են: Ենթադրվում է, որ գայլերը շատ կլինեն»:

Հավելենք, որ այս տարի հաճախ կարելի է լսել, որ հանրապետության այս կամ այն շրջաններում գայլերի հարձակումներից գյուղացիները մեծ չափով վնասներ են կրում: Թե ինչպես պետք է խնդիրը լուծվի, այս պահին դժվար է պատկերացնել: Գայլերի որսն արգելվում է, վնասազերծողներ, կարծես, չկան. արդյունքում տուժում է մանր եղջերավորներից ստացված եկամուտով ապրող գյուղացին:




Լրահոս