Այսօր ժամը 11.00-ին “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Գ.Մ.-ն ամուսնանալու է: Այսօր նաև դատապարտյալի ծննդյան օրն է: Այս մասին Lurer .com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Հարսանիքին ներկա են լինելու հոգևորական, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչ, հյուրեր: Ամուսնության կնքահայրը լինելու է դատապարտյալներից մեկը:
Ինչպես նշեց Գոռ Ղլեչյանը, տեղի է ունենալու եկեղեցական արարողություն, կալանավայրի հոգևոր տեսուչ Հայր Ռուբենը ՔԿՀ-ի խաչքարի մոտ կօրհնի նրանց միությունը, իսկ ՔԿԱԳ-ի ներկայացուցիչը կգրանցի այն:
“Նորապսակներին կտրվի երկարաժամկետ տեսակցության իրավունք, առանձին սենյակ և նվազագույնը երեք օր զույգը կվայելի ամուսնական կյանքը: Դատապարտյալը չի ցանկացել, որպեսզի իր հարսանիքը տեսանկարահանվի”,- նշեց Գոռ Ղլեչյանը:
Նշենք նաև, որ դատապարտյալ Գ.Մ.-ն ծանր հանցագործության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, որից 8-ը տարին արդեն իսկ կրել է իր պատիժը: Հարսնացուի հետ նրանք հանդիպել են երբ Գ.Մ.-ն դեռ ազատության մեջ էր: