Անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի մահվան. Տիգրան Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ անդամ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը բանտից նամակով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններնի, ԱԺ պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին ու լրագրողներին` նշելով, որ անտարբերությունը կարող է հանգեցնել 20-ամյա երիտասարդի մահվան:
“Խոսքը խցակցիս՝ Սերոբ Մխիթարյանի մասին է, ով նախօրեին` հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը, ինքնասպանության փորձ կատարեց։ Նրան գտանք լոգարանում՝ կախված, բայց, Փառք Աստծո, դեռ լրիվ շնչահեղձ չեր եղել… Սերոբը մեր խցում է շուրջ երկու ամիս՝ հոկտեմբերի վերջից, եւ սա արդեն ինքնասպանության նրա երկրորդ փորձն էր. նախորդ անգամ երակներն էր փորձել կտրել:
Բանն այն է, որ նա չի կարողանում համակերպվել իրեն առաջադրված մեղադրանքների հետ եւ պնդելով, որ ինքն անմեղ է, բայց իր ձայնը ոչ ոք հաշվի չի առնում՝ փորձում է վերջ տալ կյանքին:
Սերոբին Ղարաբաղում կատարված ինչ-որ գողության համար մեղադրանք են առաջադրել եւ Երեւանից տեղափոխել Շուշիի բանտ։ Իր պատմածի համաձայն՝ այնտեղ ենթարկվել է ամենօրյա ծեծի եւ նվաստացումների… 4 ամսից ավել պահվել է պատժախցում։ Դա եղել է մի մութ սենյակ՝ մոտավորապես 2×1.20մ տարածքով՝ առանց սանհանգուցի։ Նույնիսկ զուգարան գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ եղել (օրը երեք անգամ)։ Անտանելի պայմաններից ու անմարդկային վերաբերմունքից ազատվելու միակ ելքը համարելով Երեւանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը՝ Սերոբն ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս բոլորովին այլ՝ իր կողմից իբրեւ թե Երեւանում կատարված գողությունների մասին, որոնց հետ նա, իր պնդմամբ, ընդհանրապես առնչություն չունի. միայն թե Շուշիի բանտից օր առաջ դուրս գա ու Երեւան տեղափոխվի։ Ի վերջո, տեղափոխվելով Երեւան եւ արդեն այստեղ ամեն ինչ պատմելով՝ հրաժարվել է իր ցուցմունքներից։
Սերոբը Ղարաբաղում կատարված գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ի նշան բողոքի՝ վերջերս հայտարարել էր հացադուլ եւ կարել բերանը։ Խոստացան գործը վերանայել եւ այդ օրը Սերոբին բերեցին մեր խուց։ Շատ ընկճված էր, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի։ Սակայն մոտ մեկ ամիս անց Ս. Մխիթարյանին այցելեց քննիչը եւ Երեւանում կատարված գողությունների համար մեղադրանք առաջադրեց։ Այդ օրվանից Սերոբի հոգեկան վիճակը կտրուկ վատացավ: Նա այլեւս ոչ մի բանի չի հավատում։
Հունվարի 14-ի առավոտյան ստացավ գրություն, որ գործն արդեն դատարանում է։ Շփոթված էր… ոչ մի բան չեր խոսում: Ամբողջ օրն անցկացրեց առանց մեզ հետ բառ անգամ փոխանակելու: Իսկ արդեն գիշերը Սերոբին գտանք լոգարանում՝ կախված… Մի կերպ կտրելով պարանը՝ իջացրեցինք, եւ երջանիկ պատահականությամբ նա դեռ ամբողջությամբ շնչահեղձ չէր եղել…
Ահազանգում եմ, երիտասարդի ինքնասպանության հաջորդ փորձը կարող է անցանկալի ավարտ ունենալ այսօր անտարբեր մնալու դեպքում. վաղը դրա համար բոլորս կլինենք պատասխանատու..”,- իր նամակում գրել է Առաքելյանը:




Լրահոս