ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը շատ իմաստուն քաղաքական գործիչ է, եւ իր կարծիքով նման գործիչները պետք է շատ երկար քաղաքական կենսագրություն ունենան:
-Պարո՛ն Շարմազանով, Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ է` հայտարարում է, որ չի հավակնում դառնալ ՀՀ ԱԺ նախագահ կամ վարչապետ: Վերջին անգամ, ըստ Դավիթ Հարությունյանի, նա նման հավաստիացում էր տվել հուլիսի 16-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Եթե Ս. Սարգսյանը չի ցանկանում երկարաձգել իր իշխանությունը, ինչո՞ւ է նախաձեռնել սահմանադրական փոփոխւթյունները:
-Ի տարբերություն ոմանց, որոնք ամեն ինչ անում են հանուն իրենց շահի, առաջնորդվում են նեղ կուսակցական ու անձնական շահով, մեզ համար, պետության առաջնորդի համար գերխնդիրը ոչ թե միշտ իշխանության մնալը կամ նեղ անձնական խնդիրները լուծելն է, այլ մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը մեկն է` որպեսզի ավելի արդյունավետ կառավարման համակարգ լինի: Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տվել մի իրողություն, որ մեզ մոտ միշտ նախագահական ընտրությունների ժամանակ հաղթող թեկնածուն ստացել է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, եւ դա եղել է նոր բախումների պատճառ: Իսկ պառլամենտականը շատ ավելի քաղաքակիրթ է, շատ ավելի ժողովրդավար է, եթե լինում էլ է իշխանափոխություն, դա լինում է ավելի անցնցում ճանապարհով: Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն ինչում տեսնում են իրենց անձնական շահը, նրանց ոչնչով չեմ կարող օգնել ու սահմանադրական բարեփոխումների մեխը Սերժ Սարգսյանի ապագա ճակատագիրը չի, կամ Սերժ Սարգսյանն իր ապագա ճակատագիրը չի դրել սահմանադրական բարեփոխումների հիմքում: Պարոն նախագահը շատ հստակ նշել է, որ սա ավելի անցնցուն կառավարման խնդիր է: Ես խորհուրդ կտամ, որ ոչ թե նման անկապ բաների վրա կենտրոնանան, այլ բարեփոխումների: Ես կրկնում եմ՝ ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումները ամենաառաջնայինը չեն, Սերժ Սարգսյանի համար սահմանադրական բարեփոխումներն ամեն կերպ անցկացնելը գլխավոր նպատակ չի: Մեզ համար ավելի կարեւորագույն խնդիրներ կան մեր օրակարգում՝ առաջինը մեր անվտանգության հարցն է, տնտեսության զարգացումն է, սոցիալական խնդիրների բարելավումն է, ու բազմաթիվ նման հարցեր: Իսկ դա ինչպես կորոշի ժողովուրդը, մեռնեմ ժողովրդի որոշմանը, կասի՝ այո, կլինեն սահմանադրական բարեփոխումները, չի ասի՝ այո, աշխարհը շուռ չի գա:
-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ Աժ նախագահ չդառնալու մասին հայտարարությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ որոշ ժամանակ հետո նա կարող է հայտարարել, թե ՀՀԿ-ականներն են «պարտադրում», որ ինքը խորհրդարանը ղեկավարի…
-Ով որ չի ուզում ձայն տալ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, թող ձայն չտա, այդ դեպքում խնդիրը ո՞րն է, եթե նման տեսակետ հայտնողներն այդքան ռեյտինգ ունեն, այդքան ուժեղ են, այդքան հզոր են, թող ընտրությունների ժամանակ հաղթեն, այդ դեպքում ի՞նչ խնդիր կա: Ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում, արդեն դառավ «Կիկոսի մահը»: Ես հպարտ եմ, որ իմ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, հպարտ եմ, որ Ս. Սարգսյանն իմ թիմի ներկայացուցիչն է, ու ես կարծում եմ, որ Ս. Սարգսյանն իմաստուն ղեկավար է: Եթե իմ ցանկությանը մնա, ես կարծում եմ, որ նման իմաստուն քաղաքական պետական գործիչները պետք է երկար քաղաքական կենսագրություն ունենան: Չեք ուզում, որ ՀՀԿ-ն լինի իշխանություն, ուրեմն գնացե՛ք ու կրե՛ք ընտրությունները, եթե ժողովուրդը մյուսներին վստահում է, ուրմեն ինչու են այդ դեպքում այսպես անհանգիստ: Ես հանգիստ ասում եմ՝ մեզ համար սահմանադրական բարեփոխումներն ինքնանպատակ չեն, որոշողը ՀՀ քաղաքացին է: Վաղն էլ կարո՞ղ է հայտարարեն, թե ինչու է ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում, այ քեզ բան, չեք ուզում՝ ՀՀԿ-ն հաղթի, դուք հաղթեք, ով է ձեր ձեռքից բռնել: Եթե հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն է 2017 թվականին լինելու ԱԺ նախագահ, ուրեմն իրենք վստահ են, որ ՀՀԿ-ն հաղթելու է, իսկ ես շնորհակալ եմ իրենց նման վստահության համար, որ իրենք բարձր են գնահատում ՀՀԿ-ի շանսերը:
-«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրությունն արվել է ՀՀԿ-ի «հագով», այսինքն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը եւս վստահ են դրանում:
-Բազմակարծություն է, ու ամեն մեկը կարող է իր կարծիքն ասել, բայց ես գտնում եմ, որ Սահմանադրությունը այն փաստաթուղթը չի, որ գուշակությունների, սուրճի բաժակ նայելու մակարդակի իջեցնենք, էլի: Եթե ՀՀԿ-ն 20 տարի է՝ վերարտադրվում է, նշանակում է, որ Սահմանադրությունը փոխվե՞լ է մշտապես: Այն ժամանակ էլ հայտարարում էին, որ մեծամասնական ընտրակարգն արդեն բոնուս է ՀՀԿ-ի համար, հիմա դա էլ ենք հանել, էլի դժգոհում են: Հիմա մենք ասում ենք՝ ախպեր ջան, լինելու է միայն համամասնական, հիմա ինչից են դժգոհ, ես դա չեմ հասկանում:
-Օրերս Սերժ Սարգսյանը իր մամլո խոսնակ է նշանակել ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Հակոբյանին, որը փորձել էր լրագրողի «վերբովկա» անել: Ինչո՞ւ է Ս. Սարգսյանը նման մարդուն այդպիսի պաշտոնի նշանակել:
-Ես կարծում եմ, որ եթե նման պաշտոնի Սերժ Սարգսյանը ինչ-որ մեկին նշանակում է, ուրեմն վստահ է, որ նա կարող է իր առջեւ դրված պարտականությունը կատարել: Կոռեկտ չի, որ իշխանության ներկայացուցիչը գնահատական տա նախագահի կադրային քաղաքականությանը: Եթե նախագահը որոշել է, ուրեմն նա ունի ընդունակություններ՝ կատարելու այդ պատասխանատու աշխատանքը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԻՑ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ
Հուլիսի 18-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչեւ 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում որպես գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: Հակոբյանը լրատվամիջոցներում «հայտնվեց» այն ժամանակ, երբ որպես ԱԱԾ աշխատակից որոշել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին «վերբովկա» անել:
Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանը Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի սպառնալիքների առնչությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ իրեն «վերբովկա» անելու տեղեկությունը ներկայացնելով նրանց:
«2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Որպես պատասխան իմ մերժմանը սպառնացել է ինձ, իմ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքների մասին: Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից»,-նշել էր Հ. Մանուկյանը:
Ընդ որում, լրագրող Հ. Մանուկյանը Վլադ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ձայնագրել էր իրենց խոսակցությունը ու այն հրապարակել: Եվ, ահա, այս սկանդալային պատմությունից մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը որոշել է Հակոբյանին իր մամլո խոսնակ նշանակել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ՝ պարզելու համար, թե ըստ նրա` ինչու է Ս. Սարգսյանը որոշել ԱԱԾ նախկին աշխատակցին նշանակել իր մամլո պատասխանատու: «Եթե մենք ունենք պետություն, ունենք անվտանգություն, հետեւաբար այդ անվտանգությունը պետք է հավաքագրումներ իրականացնի, այդ թվում նաեւ լրագրողների շրջապատից, անհաջողությունն էլ այդ երիտասարդի խնդիրն է, ինչը նշանակում է, որ պետք է զգույշ լինել: Իսկ մամլո խոսնակը պարտավոր է ներկայացնել ուղիղ Սերժ Սարգսյանի կարծիքը, նա մի միջանցքով է անցնում, որտեղ աջ եւ ձախ կողմեր չկան, որտեղից ոչ մի ինֆորմացիա չի ներկայացնելու, հակառակ դեպքում նրա աշխատանքային օրը կտեւի կես ժամ»,-հայտարարեց Գ. Եղիազարյանը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԻ ՓՈՂԵՐԸ
Անցած շաբաթ օրը պաշտոնանկ արված Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի կազմել են 9 մլն 731 հազար դրամ, 159 հազար եվրո եւ 41 հազար 800 դոլար: Մինչդեռ Արման Սաղաթելյանի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 756 հազար դրամ: Այսինքն՝ եթե բաժանենք 12 ամիսների վրա, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի ամսական աշխատավարձը կազմում է 813 հազար դրամ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամլո խոսնակն անցած տարվա ընթացքում 22 մլն 687 հազար դրամով բնակարան է գնել, որը, սակայն, տարվա վերջին օտարել է: Բացի բերվածից՝ անցած տարվա ընթացքում Սաղաթելյանը վերադարձրել է 9 մլն դրամ փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ նախկինում վարկով կամ պարտքով վերցված գումար:
ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից արտահանման ծավալները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 11.2 տոկոսով: Իսկ այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, 36.2 տոկոսով նվազել են նաեւ ներմուծման ծավալները: Պաշտոնական վիճակագրության այս տվյալները ներառում են միայն ընդհանրական արդյունքներ, այսինքն՝ բացակայում են ըստ երկրների արտահանման ցուցանիշները: Սակայն, հաշվի առնելով մինչ այս հրապարակված բոլոր տվյալները, վստահաբար կարող ենք կանխատեսել, որ արտահանման անկումն հինականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման նվազումով: Ի դեպ, երբ տարեսկզբին արտահանման ծավալները սկսեցին նվազել, իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ դա ժամանակավոր երեւույթ է, եւ մի քանի ամսից իրավիճակը կկարգավորվի: Սակայն տարվա առաջին կեսն արդեն ետեւում է, իսկ տնտեսության վիճակը այդպես էլ չի կարգավորվում:
ԿՏՈՒԳԱՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր՝ հուլիսի 22-ին կայանալիք նիստում նախատեսում է տուգանք կիրառել «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ի նկատմամբ: Բանն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա մարտի 24-ին եւ 25-ին «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ին հանձնարարել է «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանում արտադրված էլեկտրական էներգիան չառաքել ցանց: Սակայն նշված կայանից իրականացվել է էլեկտրական էներգիայի ինքնակամ առաքում դեպի ցանց: Այսինքն՝ էլեկտրական էներգիայի առաքման դադարեցման հրահանգներն ընկերության կողմից չեն կատարվել: Հենց այս գործողության համար էլ ՀԾԿՀ-ն պատրաստվում է «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ին տուգանել 5 մլն դրամի չափով: Բայց արդյո՞ք նրանց տված վնասն այդքան է եղել: