Ցանկացած հարցում, երբ նոր Սահմանադրության նախագիծը համեմատում ենք գործող Սահմանադրության հետ, համոզվում ենք, որ վերջին փաստաթուղթը անվիճելիորեն լավն է, եւ դրա առաջարկվող փոփոխությունը հավասարազոր է Հայաստանի նկատմամբ դավաճանության:
Այսպես՝ Հայաստանի գործող Սահմանադրության 22-րդ հոդվածը սահմանում է. «Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիները եւ, ընդհանրապես, մեր հանրապետությունում գտնվող ցանկացած ոք կարող է անկաշկանդ իր գործունեությունը ծավալել՝ հիմք ընդունելով այդ պահին գործող օրենսդրությունը: Ներկա Սահմանադրությամբ մարդը կարող է չմտահոգվել, որ վաղը կամ մյուս օրը մի ինչ-որ օրենք կընդունեն, եւ իր այսօրվա գործունեությունը կհայտնվի օրենքից դուրս, կամ կպարզվի, որ ինքը պետությանը կամ «իքս» մեկին ինչ-որ գումարներ է պարտք եւ իր ունեցվածքը պետք է տա նրան:
Նոր Սահմանադրության նախագծի 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Այն օրենքները եւ այլ իրավական ակտերը, որոնք վատթարացնում են անձի իրավական վիճակը, կարող են բացառության կարգով հետադարձ ուժ ունենալ, եթե անձի վստահության իրավունքը դրան չի խոչընդոտում: 2.Անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտով»: Այսինքն՝ նոր Սահմանադրության նախագծի հեղինակները՝ մտքի գիգանտները, երկար-բարակ մտածել եւ մի լուծում են հնարել, որպեսզի հնարավոր լինի հետադարձ ուժ տալ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին եւ այլ իրավական ակտերին: Այսինքն՝ մարդիկ այսօր իրենց համար ապրում են, սակայն վաղը կարող է պարզվել, որ նրանք հանցագործներ են կամ պետությանը հսկայական գումարներ են պարտք: Նախագծի վերը բերված հոդվածի երկրորդ կետով էլ հեղինակները հնարել են, թե ինչպես պետք է թույլ չտան, որպեսզի անձի վիճակը բարելավող ակտերը հետադարձ ուժ ունենան: Եթե այժմ այդպես է Սահմանադրության ուժով, ապա ապագայում համապատասխան իրավական ակտի հեղինակները կորոշեն անձի իրավական վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալ, թե չտալ:
Նոր Սահմանադրության նախագծում կարելի է հանդիպել նաեւ այնպիսի դրույթների, որոնք հիմարություն պարունակելուց բացի՝ նաեւ մատնում են հեղինակների ներքին վախերը: Ասենք՝ նախագծի 43-րդ հոդվածը վերաբերում է հավաքների ազատությանը: Մարդիկ չեն զլացել եւ այդ հոդվածի 1-ին կետում գրել են, որ «բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն անցկացվում են ողջամիտ ժամկետներում կատարված իրազեկման հիման վրա»: Այսինքն՝ փաստաթղթի հեղինակները ամեն կերպ փորձել են բացառել ինքնաբուխ հավաքների հնարավորությունը: Իսկ ինչու են նրանք նման քայլի դիմել, ինչու են նրանք այդպես վախեցել ինքնաբուխ հավաքներից, որ իրազեկման մասին ցանկանում են անգամ Սահմանադրությունում գրել, կարծում ենք՝ դժվար չէ կռահել: Ի վերջո, հունիսի երկրորդ կեսի իրադարձությունները եւ երկու շաբաթ շարունակ Բաղրամյան պողոտայի փակված լինելը ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները ամենակարող չեն: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ այս դրույթը հենց այդ բողոքի ցույցերի օրերին է գրվել, քանի որ փաստաթղթի հեղինակներից մի քանիսն այդ օրերին ջղաձգումներ են ունեցել:
Նոր Սահմանադրության 47-րդ հոդվածը, որը նվիրված է ընտրական իրավունքին, ընդհանրապես խմած մարդու կենաց է: Այսպես՝ այդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Գործող Սահմանադրությամբ պատգամավոր ընտրվելու իրավունքը սահմանում է 64-րդ հոդվածը, որտեղ գրված է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
Թվում է, թե փոփոխության հեղինակները հայոց լեզվի մասին են մտածել: Բայց ողջ խնդիրն այն է, որ եթե Սահմանադրությամբ սահմանվում է «պետական լեզվին տիրապետող» եզրույթը, ապա պետք է սահմանվի նաեւ, թե ով եւ ինչպես է որոշում՝ տվյալ անձը տիրապետում է լեզվին, թե ոչ: Նախագծում բերված ձեւակերպմամբ` ներկա կազմն ունեցող խորհրդարանը կարող է մի օր որոշել, որ պետական լեզվի իմացությունը, ասենք, Թոխմախի գողական բառապաշարի տիրապետումն է, քանի որ «ախպերությունն» այդ լեզուն է հասկանում:
Մի խոսքով, որքան շարունակում ենք ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծի հետ, այնքան համոզվում ենք, որ դրա հեղինակները անհեթեթագիտության դոկտոր-պրոֆեսորներ են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԼՂՀ
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ իր ընտանիքի մոտ: Սոցցանցի իր էջում Ստերլիգովը գրառում է կատարել՝ նշելով, որ վերադառնում է Շուշի. «Լրանում է Մոսկվայում գտնվելու իմ ժամանման երեք օրը, ու ես ձեզ հայտնում եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները իմ նկատմամբ նվազագույն հետաքրքրություն չեն դրսեւորել: Թեման համարում եմ սպառված ու վերադառնում եմ Ղարաբաղ՝ կնոջս ու երեխաներիս մոտ»: Ստերլիգովը մեկնաբանել է նաեւ իր ու փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ զրպարտության մասին քրեական գործի վերաբերյալ տեղեկությունը: Վերջինս նշել է, որ ինքը «թքած ունի Իսրայելի կամ Ադրբեջանի սադրանքների վրա, որոնք փորձում են իրավաբանական մեխանիզմների օգնությամբ խոչընդոտել իր վերադարձը Լեռնային Ղարաբաղ»: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ կարգավիճակ են պատրաստվում տալ Գերման Ստերլիգովին: «Մեզ Գերման Ստերլիգովը չի դիմել՝ քաղաքացիություն ստանալու կամ կարգավիճակ ստանալու համար, մեզ որեւէ բանի համար նա չի դիմել»,- ասաց Արցախի վարչապետը:
ՀԱՇՎՈՒՄ ԵՆ ՄԵԿԻԿ-ՄԵԿԻԿ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այս օրերին զբաղված են իրենց կուսակցության անդամների «գույքագրմամբ»: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ այսօր նրանք այցելելու են Թալին եւ հանդիպելու են ԲՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչների հետ: Ինչպես երեւում է՝ ԲՀԿ ղեկավարությունը որոշել է ամռանը հանդիպել ԲՀԿ տարածքային կառույցների անդամների հետ ու հստակեցնել, թե իրականում քանի անդամ ունեն, ինչ է պահպանվել կուսակցությունից: Նաիրա Զոհրաբյանը կառույցների ղեկավարներին հանձնարարել է մեկիկ-մեկիկ «հաշվել» ռեալ կուսակցականներին եւ ներկայացնել իրեն:
ՀԱՆԴԻՊԵԼ Է ՈՐԴՈՒՆ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, այցելել է ՀՀ ազգային անվանգության ծառայություն եւ հանդիպել իր որդու հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Էմիլ Բուդաղյանը: «Որդուս տեսել եմ, ամեն ինչ կարգին է, նորմալ վիճակում էր: Նա ինձ ասաց, որ այս գործի հետ որեւէ առնչություն չունի, ես էլ եմ վստահ, որ նա այս ամենի հետ կապ չունի: Հիմա պատրաստվում եմ գալ Երեւան՝ որդուս պաշտպան Հայկ Ալումյանի հետ հանդիպելու նպատակով, որպեսզի պարզեմ, թե ինչ կա այս գործով, եւ ինչ ենք անելու՝ նրա կալանքի հարցը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար»,- հավելեց Բուդաղյանը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ձկնաբուծության բնագավառում ջրախնայողական համակարգերի ներդրման, գյուղական տարածքներում արժեշղթաների ու կոոպերատիվների զարգացման եւ այլ ծրագրեր:
ԱԽՄԱԽ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով սահմանադրական այդ բարեփոխումները, ուզում է որոշակի առումով եւ տարբեր մեխանիզմներով մնալ իշխանության ղեկին»,- 168.am-ին ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա` Հայաստանում տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական վիճակը «բավականաչափ վատ է». «Հիմա, եթե դուք այդ վիճակը չեք ուզում փոխեք, ի՞նչ եք անում, մի կեղծ օրակարգ եք առաջ բերում ու այդ բուն օրակարգից քաշում եք հասարակությանը: Ինչքան խելացի մարդ կա, մտցնում են մի հատ ախմախ գործընթացի մեջ, մենք էլ, ուզենք, թե ոչ, մտնում ենք»:
ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ 1
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ապօրինի շինարարության եւ հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել 12 դեպքի մասով, բացի այդ՝ 3 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 16 դեպք:
ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ 2
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:
ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ
Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի եւ Հայաստանի աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահել են հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը եւ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ներկա է եղել նաեւ ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն: Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների վերաբերյալ հարցեր: