ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԹՌՉՆԱՄՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՍՆՆԿԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի ամիսներին դժվարին կացության մեջ են հայտնվել Հայաստանի թռչնամսի եւ ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ ներմուծվող թռչնամսի ծավալների աճի պատճառով տեղական արտադրողները մեծ վնասներ են կրում. շուկայում սպառվում է առավել էժան, սակայն ոչ շատ որակով ներմուծված թռչնամիսը, իսկ տեղականը՝ ոչ:

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքերով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում թռչնամսի իրացման ծավալները նվազել են, իսկ ներմուծման ծավալները, հակառակը, ավելացել են: «Արտադրանքի իրացման ծավալների նվազումը նաեւ կապ ունի մարդկանց գնողունակության անկման հետ: Սրան զուգահեռ աճել են ներմուծման ծավալները: Մարդիկ սկսել են թռչնամիս ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից, որը հայկական շուկայում ավելի էժան է վաճառվում, քան տեղականը: Բայց տեղական արտադրողներն այս ֆոնին լուրջ խնդիրներ են ունենում. սկսել են ինքնարժեքից ցածր վաճառել իրենց ունեցածը ու վնասներ կրել»,- նկատեց Ստեփանյանը: Մասնագետից տեղեկացանք, որ այս օրերին տեղական շուկայում մեկ կիլոգրամ թռչնամիսը վաճառվում է 750-800 դրամով. «Գինն արդեն խոսում է իր որակի մասին: Տեղական արտադրողները տարիներ շարունակ ներդրումներ են անում, արտադրության ծավալներն են ավելացնում, բայց մեծ քանակությամբ ներմուծված թռչնամսի պատճառով նրանք մեծ վնասներ են կրում»,- մտահոգված արձանագրեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահը:
Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վաչագան Ամիրխանյանը նույնպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ վերջին ամիսներին նվազել են թռչնամսի իրացման ծավալները: Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ տեղական շուկայում ստեղծված իրավիճակի հետեւանքով իրենք ստիպված են լինում նույնիսկ ինքնարժեքից էլ էժան գնով թռչնամիս վաճառել՝ զգալի վնասներ կրելով:
Այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ ավելի քան տասնամյա գործունեության պատմություն ունեցող թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Միլեն Արտ» ընկերությունը, որի արտադրանքը հիմնականում սպառվում էր Երեւանում: «Ժողովուրդ»-ը թռչնամսի շուկայում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Միլեն Արտ» ընկերության տնօրեն Սամվել Աբրահամյանի հետ: Վերջինս ցավով արձանագրեց, որ իրեն պատկանող ընկերությունը մոտ 20 օր է, ինչ չի աշխատում:
«Այնքան խնդիրներ են առաջացել, որ հիմա ես չեմ ցանկանում լսել թռչնամսի մասին: Շատ ահավոր վիճակում հայտնվեցի. թռչնամսի գինն իջավ ու դարձավ 900-1000 դրամ: Իսկ դա մեզ համար ինքնարժեքից ցածր գին է: Ինչ ունեի, եղածը մորթեցի: Լրիվ հավերին մորթեցի ու թափեցի: Վնասներ կրեցի: Հիմա չեմ ցանկանում այս գործով զբաղվել, որովհետեւ մեր երկրում պետք չէ ինչ-որ գործ սկսել: Մեր հանրապետությունում թռչնամիս արտադրելն աբսուրդ է դարձել»,- վրդովված նշեց գործարար Աբրահամյանը:
Նրա պնդմամբ՝ մեր հարեւան հանրապետության՝ Վրաստանի թռչնամսի շուկայում պատկան կառույցները վերահսկողություն են իրականացնում: «Ըստ այդմ, իրենք տեղյակ են, թե որքան ներմուծված թռչնամիս է պետք եւ որքան տեղական: Իսկ մեզ մոտ նման բան չկա, ով որքան ցանկանում է, ներմուծում է: Բերում են ու շուկան դրանով ողողում, հետո սկսում են կռիվ տալ գնի համար: Այսօր 1 կգ տեղական թռչնամիսը պետք է վաճառվեր 1300-1400 դրամ, բայց ներմուծված թռչնամսի պատճառով այն դարձավ 900-1000 դրամ: Բավականին հետ գնացինք, մեծ վնասներ կրեցինք»,- նշեց «Միլեն Արտ»-ի տնօրենը` հավելելով, որ այս ամենի արդյունքում պարտքեր է կուտակել, ունի նաեւ վարկային պարտավորություններ: Ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված գործարարը դեռ չի որոշել իր հետագա անելիքները: «Չեմ հասկանում, թե ինչպե՞ս վարվեմ: Չէ որ բազմաթիվ, թանկարժեք սարքավորումներ եմ գնել, թռչնանոցներ եմ կառուցել, աշխատանքներ են տարվել: Հիմա ամբողջ եղածը, ստեղծածը քանդեմ ու մտածեմ, թե դրա փոխարեն ինչ անեմ»,- հուսահատված դժգոհեց գործարարը:
Նա մեծ ափսոսանքով նշեց, որ սկսել է մտածել ունեցած տեխնոլոգիաները, սարքավորումները վաճառելու մասին: «Մեր երկրում չկա մի կազմակերպություն, կառույց, որը կկարողանա աջակցել մեզ՝ գործարարներիս: Եթե պատկան մարմիններին հետաքրքրեր, ապա կփորձեին ուսումնասիրել ու հասկանալ, թե շուկայում ինչ է կատարվում: Ոչ մեկը հետաքրքրված չէ: Փոքր ու միջին բիզնեսը մեր երկրում կործանվում է, իսկ իրենք չկան»,- ընդգծեց Աբրահամյանը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4 մլն 213 հազար 850 կգ թռչնամիս: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ներմուծվել է 33 մլն 243 հազար 207, իսկ 2013-ին՝ 28 մլն 335 հազար 560 կգ թռչնամիս: Ստացվում է, որ թռչնամսի ներմուծման ծավալները տարեցտարի ավելի են աճում:

 

 

 

 

 

ԹԱՆԱՀԱՏՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

ՀՀ Սյունիքի մարզի Թանահատ գյուղի բնակիչները դեռ չեն շտապում կարծիքներ կազմել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի խոսքերով՝ բնակիչներն իրականում այդքան էլ հետաքրքրված չեն սահմանադրական բարեփոխումներով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ:

-Պարո՛ն Օհանյան, Ձեր ձեռքի տակ կա՞ սահմանադրական բարեփոխումների մասին հայցեկարգը: Հասցրե՞լ եք այն ուսումնասիրել:
-Այո՛, ամբողջովին ուսումնասիրել ենք:
-Եւ ի՞նչ առարկություններ ունեք: Ո՞ր կետի հետ եք համաձայն, որի ոչ:
-Անձամբ ե՞ս, թե՞ բնակչությունը:
-Նախ՝ թանահատցիները, ապա՝ Դուք:
-Բնակչությանը հետաքրքիր չէ, թե իր վերեւներն ովքեր են: Ինքը միայն մտածում է իր օրվա մեկ կտոր հացը վաստակելու ու ապրելու մասին: Իրենց հետաքրքիր չէ, որովհետեւ այնքան են հոգսերի մեջ թաղված, որ իմաստ էլ չեն գտնում փոփոխությունների եւ առաջարկությունների մասին մտածելու: Ես մի գյուղացի եմ, ինձ հետաքրքիր է, թե իմ վերեւում ինչ տեսակի են, կամ ովքեր են: Ժողովուրդը միայն մի նպատակ ունի՝ խաղաղ ապրի, իր որդին գնա, խաղաղ պայմաններում ծառայի, հետ գա ու հասնի իր ընտանիքին: Իսկ այդ բարեփոխումների մասով կասեմ հետեւյալը՝ թող քաղաքագետներն աշխատեն այդ ուղղությամբ:
-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, ի՞նչ եք մտածում սահմանադրական բարեփոխումների մասին:
-Առաջիկայում համայնքների խոշորացում են պատրաստվում իրականացնել, իսկ հավատացեք՝ սա գյուղերի վերջին ակորդն է: Հիմա ես գյուղապետ կլինեմ, թե ոչ, ես աշխատող մարդ եմ, հող կմշակեմ, կապրեմ, բայց լավ իմացեք, որ սա գյուղերի վերջն է: Գյուղից քաղաք փող են տանում, այ տեսեք, թե ինչ վիճակի ենք հասել, դոտացիան պետք է կտրեն գյուղերի: Ես ինքս համաձայն չեմ սահմանադրական բարեփոխումների հետ:
-Իսկ սահմանադրական բարեփոխումների հետ կապված գյուղի բնակիչների հետ քննարկումներ անցկացվե՞լ են, թե՞ ոչ:
-Մենք միշտ էլ գյուղացիներով հավաքվում ենք ու բանավոր զրուցում: Բայց ես գտնում եմ, որ փոքր ազգերը պետք է նախագահականով, ֆորմատով ապրեն: Ո՛չ կիսանախագահականին եմ համաձայն եւ ո՛չ էլ սահմանադրականին: Մինչդեռ հոգսերն այդքան շատ են:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

«ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔԸ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդուն՝ 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմաց առանց պետական համարանիշների «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւանի քաղաքի բնակչուհի Մ. Հ.-ին, սակայն Իջեւանի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանը եւ մյուսներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելու փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Գյուղապետի որդին այս գործով գտնվել է հետախուզման մեջ: Երբ նա ինքնակամ ներկայացել է, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննարկելով քրեական գործի նախաքննության ընթացքում Կ. Մարտիրոսյանին կալանքի ենթարկելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությունը, որոշել է այդ միջնորդությունը մերժել, Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 միլիոն դրամ գրավը:
Հետո, երբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Տավուշի մարզի դատախազը բողոքարկել է Լ. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին դատավոր Ռ. Մելքոնյանի որոշումը: ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բավարարել է մարզային դատախազության դատախազի բողոքը, եւ Կ. Մարտիրոսյանի համար մուծված գրավը վերադարձվել է:
Դրանից հետո, սակայն, Կ. Մարտիրոսյանն անհետացել է, ինչի պատճառով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հուլիսի 3-ին նշանակված նիստն անցել է առանց մեղադրյալի: Ի դեպ, դատական նիստը վարել է նույն դատավորը՝ Ռաֆիկ Մելքոնյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս