ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ president.am-ից
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Երկկողմ ձեւաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ նախագահի եւ ԵԽ նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ Ս. Սարգսյանը եւ Դ. Տուսկը հանդես են եկել հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին: Բանակցությունների ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ընթացիկ համագործակցությանը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք, թե ո՞ր պայմանի դեպքում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին կարող է հաշվառվել որպես որդեգրողի թեկնածու:
Կարինե Գրիգորյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացվում է այդ անձի եւ նրա կենսապայմանների ուսումնասիրություն, եւ կազմվում է համապատասխան ակտ:
Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որի կազմը ձեւավորվում է ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն եւ գրավոր տեղեկացնում համապատասխան երկրի կենտրոնական մարմնին կամ դիմողին:
Երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն տալու դեպքում, որն ուժի մեջ է տալու օրվանից 18 ամիս, կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերը եւ դրական եզրակացության մեկ օրինակը ուղարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառում իրականացնելու նպատակով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013 թվականին 241 մարդ պաշտոնապես գրանցված է եղել որպես որդեգրողի թեկնածու, որոնցից 141-ը արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ 97-ը` Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում բնակվող 2 օտարերկրյա քաղաքացիներ նույնպես որդեգրողի թեկնածու են: Արտերկրում բնակվող միայն մեկ ՀՀ քաղաքացի է գրանցված որպես որդեգրողի թեկնածու:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե հաշմանդամություն ունեցող դիմորդներն ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:
Ալիսա Մնացականյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսհաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Ուսհաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսհաստատության անվճար համակարգ: Ուսհաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին տրամադրվում են ուսանողական նպաստներ, որոնք տրվում են 1-ին կուրսի սկզբում եւ վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում: