ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ իշխանություններն իրենց վերարտադրությանն ուղղված ինչ-որ գործընթաց են նախաձեռնում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի հետ կապված գործընթացները կտրուկ ակտիվանում են, հակամարտության կարգավորման միջնորդները մեկը մյուսի ետեւից սկսում են այցելել տարածաշրջան եւ այսպես շարունակ: Նման ակտիվություն է նկատվում, օրինակ, խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից առաջ, կամ երբ ներքաղաքական իրավիճակը սկսում է կտրուկ լարվել: Այժմ էլ, երբ ՀՀ իշխանությունները ՀՀ Սահմանադրության փոփոխության անվան տակ վերարտադրության գործընթաց են նախաձեռնել, անմիջապես նկատվեց, որ ԼՂՀ խնդրի հետ կապված միջազգային բանագնացները ակտիվացան: Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում հավաքվեցին: Այնուհետեւ հուլիսի 20-ին նրանք ժամանեցին Հայաստան եւ հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ: Նույն օրը Հայաստանում էր նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նման գործընթացների ժամանակ բանագնացների ակտիվացումն ամենեւին էլ պատահական չէ: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն, որ ՀՀ իշխանություններն իրենց վերարտադրությանն ուղղված գործողությունների դեմ արտաքին աշխարհի չեզոք վերաբերունքը կորզելու համար պատրաստ են «վճարել»: Թե ինչ տեսքով, դժվար է ասել: Բայց փաստ է, որ մոտ 15 տարի առաջ որեւէ բանագնաց իրեն թույլ չէր տա տարածքների վերադարձի մասին բարձրաձայնել, իսկ այսօր արդեն նման հայտարարությունները դարձել են սովորական: Թե այս անգամ Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին ինչ է խոստացել, ցույց կտա ժամանակը:

 

 

 
Մի կողմից Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մովսիսյանն իր պաշտոնավարման տարիներին կարողացել է սեփական ռեստորանը «հիմնել». նրա անվան հետ է կապվում Երեւանի Շիրվանզադե փողոցում գտնվող «Տիշինա» ռեստորանը: Վերջինս նաեւ «Շկոդա» մեքենայի պաշտոնական ներկրողն է ՀՀ-ում: Իհարկե, Մովսիսյանն իր ունեցվածքի մասին խոսելիս հայտարարում է, թե դա իրենը չէ, այլ եղբորը: Բայց հասկանալի է, որ ՀՀ-ում պաշտոնյաները մշտապես իրենց ունեցվածքը վերագրում են կնոջը, քեռուն, քավորին եւ այլն: «Ժողովուրդ»-ը փորձեց Մովսիսյանի հաջողության գաղտնիքը բացահայտել անձամբ նրանից, սակայն նա հարցը լսելուց հետո վրդովվեց՝ ասելով. «Ես անձնական հարցերին չեմ պատասխանում, մամուլի քարտուղարին աշխատանքային հարցեր տուր, մի՛ խանգարեք, ես խորհրդակցության մեջ եմ»: Թե ում հետ ինչ էր խորհրդակցում, պարզ չէ, բայց փաստ է, որ քաղավիացիայի կազմակերպումը մեր երկրում ողբալի վիճակում է:

 

 

 
ԱԺ անկախ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս իշխանությունների կողմից հրապարակած նոր Սահմանադրության նախագծին, ասաց, որ իր համար նախագծում շատ անհասկանալի բաներ կան: Ըստ իրավաբան Մարգարյանի՝ ինքն առայժմ ուսումնասիրել է ԱԺ ընտրություններին վերաբերող մասը եւ նախագծում առաջարկվող մոտեցումը նմանեցնում է Լեհաստանում գործող համակարգին: Պատգամավորի համար, սակայն, անհասկանալի է, թե ինչպես են ԱԺ ընտրությունները երկու փուլով տեղի ունենալու: «Ես ինչքան նայել եմ տարբեր երկրների ընտրական օրենքները, նմանատիպ բան չեմ կարողացել գտնել, համենայնդեպս, ամեն երկիր ստույգ իր թիվն ունի, թե քանի պատգամավոր է այդ երկրում լինում: Հիմա, ճիշտն ասած, ես նոր փոփոխությունում չկարողացա գտնեմ, թե երկրորդ փուլում ինչպես է լինելու»,- տարակուսեց Մարգարյանը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հուլիսի 20-ին պետք է տեղի ունենար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ տուժող Հարություն Զաքարյանի առերեսումը: Սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրան Խաչատրյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե եւ տեղեկացրել է, որ առերեսմանը չի ներկայացել, քանի որ իր փաստաբանը Հայաստանում չէ: Տիգրան Խաչատրյանը քննչական կոմիտեից չորս օր ժամանակ է խնդրել, որպեսզի դրանից հետո փաստաբանի հետ ներկայանա առերեսման: Տ. Խաչատրյանի հետագա ճակատագիրը հիմնականում կախված է հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքներից եւ այդ առերեսումից: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Խաչատրյանների ընտանիքը փորձում է հնարավորինս «լավ» պատրաստվել այդ քննչական գործողությանը:

 

 

 

 
ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ

Մեր հանրության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք չենք կարողանում հետեւողական լինել մեր պահանջներին, մեր ձեւավորած օրակարգին, եւ ամեն անգամ թույլ ենք տալիս, որ իշխանությունը մեզ թելադրի իր օրակարգը` հրապարակ նետելով ավելի հրատապ թվացող նոր խնդիրներ ու հանրային մարտահրավերներ: Իհարկե, այդ նոր մարտահրավերներին արձագանքելը եւս անհրաժեշտություն է, սակայն դա պետք է արվի զուգահեռաբար` առանց մոռանալու եւ երկրորդականացնելու այն գերնպատակը, որի շուրջ բոլորովին վերջերս մենք բոլորս միավորվել էինք, եւ որի արդյունքում իշխանությունները, ի վերջո, ստիպված եղան տեղի տալ, ապա նոր խնդիրներ նետել հրապարակ:
Ընդամենը յոթ օրից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա, եւ Կառավարությունը, Սերժ Սարգսյանի տված խոստման համաձայն, ստիպված կլինի մինչ ՀԷՑ-ում անցկացվող աուդիտի ավարտը վճարել թանկացած 6.93 դրամը: Մինչ օրս, սակայն, հայտնի չէ, թե ինչ միջոցներով է Կառավարությունը դա անելու: Իհարկե, մամուլում տարատեսակ արտահոսքեր են արվում, որոնցից վերջինի համաձայն` այդ միջոցները Կառավարությունը վերցնելու է Որոտանի կասկադի վաճառքից ստացված 180 միլիոն դոլարից: Մինչ այդ էլ խոսվում էր ռուսական 200 միլիոն դոլարի վարկի մասին, անգամ որոշ ՀՀԿ-ականներ չբացառեցին նվիրատվությունների հնարավորությունը: Ասել է թե` ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը տվել է խնդրի իրավիճակային լուծում, որի տակից, սակայն, Կառավարությունում ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ:
Այս հարցը, սակայն, այսօր կարծես թե այլեւս որեւէ մեկին չի հուզում, եւ ամենեւին չի բացառվում, որ պարզվի՝ իրոք ամերիկացիներին վաճառված Որոտանի կասկադից ստացված գումարներով ենք փակելու ռուսական ընկերության ախորժակը: Սա իսկապես զավեշտի կվերածվի, քանի որ ժամանակին էլ ՀԷՑ-ի վաճառքի գումարներով ինչ-որ օրվա խնդիր լուծեցին, տակավին վերջերս «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի միջոցով փակեցին ռուսներին ունեցած գազի 300 միլիոն դոլարի պարտքի մի մասը ու այդպես շարունակ: Եվ եթե ընդամենը քսան օր առաջ թվում էր, թե այս անգամ իշխանություններին չի հաջողվելու դարձյալ մեր` հարկատուներիս, հաշվին կամ երկրի հարստության վերջին փշրանքների վաճառքից ստացված գումարներով վճարել իրենց երկարամյա անգործության կամ հանցակցության գինը, ապա այսօր արդեն հանրությանը նետվել է մտահոգության նոր թեմա` սահմանադրական փոփոխությունների տեսքով, որը հասցրել է մոռացության մատնել ընդամենն անցած շաբաթ բոլորին ամենից շատ հետաքրքրող էլեկտրաէներգիայի սակագնի հարցը:




Լրահոս